Բնապահպանները ոստիկանապետից պահանջում են քրգործ հարուցել «Խաչաղբյուր-2»-ի գործով

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին «Խաչաղբյուր-2» փոքր հէկի գործով: Նամակի տեքստը` ստորև:

«Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» փոքր հէկի հողաշինարարական աշխատանքները փաստացի կատարվել են «Իջևանի» և հնարավոր է նաև «Արջատխլենու» արգելավայրերի անտառապատ տարածքում, ինչը զարմանալիորեն ՀՀ պետական լիազոր մարմին ճանաչված ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մինչ օրս չի պարզվել: Ինչպես վկայում են Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչները, այդ աշխատանքները սկսվել են դեռևս 2012թ. մայիս ամսին, երբ դեռևս տրված չի եղել բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն: Բնակիչներն ահազանգել էին այդ մասին մեր նախաձեռնությանը, ինչից հետո մենք 27.06.2012թ. գրավոր դիմել ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը` պարզաբանումներ ստանալու նպատակով: Ի պատասխան մեր գրությանը ՀՀ բնապահպանության նախարարությունից 11.07.2012թ. հայտնել են, որ «Խաչաղբյուր-2» ՓՀէկի փաստաթղթերն առ այսօր ներկայացված չեն ՀՀ բնապանպանության նախարարություն:

Սակայն, այդ պատասխանը ստանալուց ընդամենը 10 օր անց, մեզ հայտնի է դառնում, որ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից իր դիմումն ու փաստաթղթերն արդեն ներկայացվել են ՀՀ բնապահպանության նախարարությանը, այն էլ 04.07.2012թ. ամսաթվով. այսինքն մեզ տրամադրված գրավոր պատասխանից 7 օր շուտ, իսկ 24.07.2012թ. ժամը 12.00-ին ՀՀ Տավուշի մարզի Ենոքավանի գյուղապետարանում կազմակերպում է հասարակական լսումներ՝ «Խաչաղբյուր-2» ՓՀէկի աշխատանքային նախագծի վերաբերյալ:

Թե ինչու՞ էր մեզ տրվել իրականությանը չհամապատասխանող և ակնհայտ սուտ տեղեկատվություն, և թե ինչու՞ են լսումներն անցկացրել Ենոքավան համայնքում` պարզվում է հետագա ամբողջ գործընթացից:

Ուսումնասիրելով «ԷՌԱ» ՍՊԸ-ի կողմից մշակված «Խաչաղբյուր-2» փհէկի աշխատանքային նախագիծն ու դրա բնապահպանական մասը, պարզել ենք ակնհայտ սխալ և իրարամերժ բազմաթիվ տվյալներ ու տեղեկություններ: Այդ աշխատանքային նախագիծը տրամադրվել է և՛ «Մեգաէներջի» ՍՊԸ-ին, և՛ «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին: Հետաքրքիրն այն է, որ «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի փորձագետները, առանց որևէ հիմնավորման, տեղազննման և արգելավայրերի սահմանները ճշտելու, «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրամադրել են բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն՝ փաստացի հաստատելով «ԷՌԱ» ՍՊԸ-ի անհիմն ու անհեթեթ աշխատանքային նախագիծը, ինչն էլ կանաչ լույս է հանդիսացել «Մեգաէներջի» ՍՊԸ-ի համար իր հետագա գործունեությունն իրականացնելու համար: Դեռ ավելին՝ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում պարզ է դառնում, որ այն իրականացվում է Գետահովիտ համայնքի վարչական տարածքում, իսկ հողահատկացման և շինարարության թույլտվությունները տրվել են Ենոքավան համայնքի ղեկավարի կողմից:

Հարցի էությունը կայանում է նրանում, որ այդ հողաշինարարական աշխատանքներ իրականացնելու և խողովակաշարեր անցկացնելու համար, «Մեգաէներջի» ՍՊԸ-ն, ծանր տեխնիկայի միջոցով մուտք է գործել արգելավայրի անտառային հատված, արմատախիլ արել մեծ թվով ծառեր, վնասել է հողի բերրի շերտը, խախտել լանդշաֆտը և զգալի վնաս տվել շրջակա միջավայրին:

Ի դեպ, այդ գործողությունները նախատեսված չեն եղել «ԷՌԱ» ՍՊԸ-ի կողմից մշակված աշխատանքային նախագծի բնապահպանական մասում:

Դրանից հետո, Գետահովիտ համայնքի և բնապահպան ակտիվիստների արդարացի պահանջի քննարկման արդյունքում, «Խաչաղբյուր-2» ՓՀէկի շինարարության շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարի 16.10.2012թ. հ. 254-Ա հրամանով ստեղծվում է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվում են նաև մեր նախաձեռնության երկու անդամ և Տավուշ մարզի Գետահովիտ համայնքի 2 բնակիչ: Նշյալ աշխատանքային խմբի անունից 24.10.2012թ. թվով 5 առաջարկություն ենք ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարին: Աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկություններից դեռևս իրականացվել է միայն վերջին (ե) կետի պահանջը` ՀՀ բնապահպանության նախարարի 26.10.2012թ. հ. 277-Ա հրամանով ուժը կորցրած ճանաչվեց (չեղյալ համարվեց) «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրված «Խաչաղբյուր 2» ՓՀէկի կառուցման աշխատանքային առաջին նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 23.08.2012թ. հ. ԲՓ 70 բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը, իսկ մնացած 4 առաջարկությունների վերաբերյալ մինչ օրս որևէ հստակ տեղեկատվություն չի տրամադրվել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

Կատարվածին իրավական գնահատականներ տալու փոխարեն ՀՀ բնապահպանության նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրում է հայտարարություն, ըստ որի 21.11.2012թ. «Մեգաէներջի» ՍՊԸ-ը «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին կրկին ներկայացրել է «Խաչաղբյուր 2» ՓՀէկի աշխատանքային նախագծի փոփոխված տարբերակը, իսկ 06.12.2012թ. Գետահովիտ համայնքում պետք է անցկացվեն հանրային լսումներ (ի դեպ, այս լսմանը ներկա 100-ից ավելի բնակիչներ տվել են միանշանակ բացասական կարծիք):

Փաստորեն, «ԷՌԱ» ՍՊԸ-ն մինչ օրս որևէ պատասխանատվություն չի կրել իր կողմից անհեթեթ աշխատանքային նախագիծ մշակելու համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների և էական վնաս տվել թե՛ Գետահովիտ համայնքին, թե՛ շրջակա միջավայրին:

Ինչպես ամրագրված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով (Ձեռնարկողի, ներկայացնողի և փաստաթղթեր մշակողի պատասխանատվությունը) ձեռնարկողը, ներկայացնողը և փաստաթղթեր մշակողը պատասխանատու են՝

– նախագծային բոլոր փուլերում բնապահպանական պահանջների պահպանման և այդ նպատակով անհրաժեշտ աշխատանքների ու հետազոտությունների ֆինանսավորման,

– շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ներկայացված նյութերի համակողմանիության, գիտական հիմնավորվածության, որակի և ստույգության,

– նախագծային լուծումների էկոլոգիական հետևանքների,

– փորձաքննության ներկայացվող նյութերի ամբողջականության, ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ նյութերի և փաստաթղթերի ներկայացման,

– փորձաքննական եզրակացության պահանջների կատարման,

– նախատեսվող գործունեությունը կամ հայեցակարգը հասարակայնությանը ներկայացնելու համար:

Նույն օրենքի 20-րդ հոդ. համաձայն՝ Սույն օրենքի պահանջները խախտողները պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սակայն ՀՀ բնապահպանության նախարարության կողմից այս կապակցությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել շրջակա միջավայրին հասցված վնասը արձանագրելու և գնահատելու, մեղավորներին (իրականացնողներին) պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Ի պատասխան մեր գրության՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը 05.12.2012թ. հ. 5/33/53354 գրությամբ մեզ հայտնել է, որ «ԷՌԱ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող նախագծերի բնապահպանական մասերի մշակումը հանդիսանում է չլիցենզավորվող գործունեություն, ուստի նրան իրավական գնահատական տալը դուրս է ՀՀ բնապահպանության նախարարության իրավասություններից:

Հարց է առաջանում, արդյոք այս ընկերությունն իր փորձագետներով օրենքի առջև պատասխանատվություն չի կրելու իր կողմից ակնհայտ սխալ և իրականությանը չհամապատասխանող նախագիծ մշակելու համար: Ինչպես դուք եք Ձեր խոսքում հաճախ նշում, հարգելի պարոն ոստիկանապետ. «Անպատժելի մարդ չկա մեր երկրում, բոլորը կրում են պատասխանատվություն»: Բայց փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում խոսքն ու գործը միմյանց հետ չեն համընկնում:

Ի դեպ, «Մեգաէներջի» ՍՊԸ-ի «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրած «Խաչաղբյուր 2» ՓՀէկի աշխատանքային նախագծի փոփոխված տարբերակը կրկին կազմել է աշխատանքային առաջին նախագծի հեղինակ` «ԷՌԱ»

ՍՊԸ-ն, որը սխալ և իրականությանը չհամապատասխանող տվյալներ ու տեղեկություններ էր ներկայացրել առաջին աշխատանքային նախագծում և ապակողմնորոշել բոլոր շահագրգիռ կողմերին:

Մեր կարծիքով` իրավական գնահատական պետք է տրվի և քրեական պատասխանատվության կանչվի ոչ միայն «ԷՌԱ» ՍՊԸ-ի փորձագետը (ները) նշված նախագծի և նրա բնապահպանական մասի մշակման, այլ նաև «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի փորձագետները, ովքեր առանց որևէ հիմնավորման և արգելավայրերի սահմանները չճշտելու և չպարզելու, «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրամադրել են բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն՝ փաստացի հաստատելով «ԷՌԱ» ՍՊԸ-ի անհիմն ու անհեթեթ աշխատանքային նախագիծը:

Իսկ ՀՀ բնապահպանական պետական տեսչությունը պարտավոր էր տեսչական ստուգումներ իրականացնել դեռևս այն ժամանակ, երբ նախարարության թեժ գծին ահազանգ էր ստացվել Գետահովիտ համայնքի բնակիչներից, ինչպես նաև դեռևս 2012թ. հոկտեմբերին այդ մասին գրավոր առաջարկ էր արվել վերը նշված աշխատանքային խմբի կողմից, ինչը ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից չի իրականացվել, նրանք իրենց ծառայողական պարտականությունները պատշաճ չեն իրականացրել, ցուցաբերել են հանցավոր անգործություն:

Ինչ վերաբերում է «Մեգաէներջի» ՍՊԸ-ին և «ԷՌԱ» ՍՊԸ-ի փորձագետների գործողություններին, ապա վերջիններս պետք է կրեն պատասխանատվություն օրենքի ամենայն խստությամբ: Բնության հասցված վնասը պետք է վերջիններս փոխհատուցեն և անտառային հողը բերեն նախկին տեսքի: Այստեղ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 27-րդ գլխով նախատեսված հանցագործության հատկանիշներ, մասնավորապես 281-րդ, 290-րդ, 296-րդ, 297-րդ, 298-րդ 308-րդ հոդվածներով:

Այսպիսով, մեր նախաձեռնության անունից պահանջում ենք սույնը դիտարկել իբրև հաղորդում հանցագործության մասին, անհապաղ հարուցել քրեական գործ և իրականացնել քննություն:

Տեսանյութերը կարող եք դիտել այս հղումներով:

Հարկ եղած դեպքում մենք կարող ենք Ձեզ տրամադրել, փաստաթղթեր, հիմնավորումներ, լուսանկարներ և տեսանյութեր, որոնք կատարվել են մեր կողմից` ըստ ժամանակագրության:

Մեկնաբանել