Էրդողանը քուրդ գործիչների սպանության մեջ մեղադրում է PKK-ին

Փարիզում քուրդ կին գործիչների սպանությունն ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ներքին հաշիվների հետևանք է, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Քրդերը, իրենց հերթին, սպանության մեջ մեղադրում են թուրքական կողմին: Թուրքիայի մեջլիսի «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության համանախագահ Սելահեդդին Դեմիրթաշի կարծիքով` տեղի ունեցածը Թուրքիայի կառավարության խնդիրն է, հայտնում է Sondakika.com կայքը: Դեմիրթաշն ասել է, որ Էրդողանի հայտարարությունից ելնելով` կարելի է նաև նրան կասկածել սպանության մեջ: Ըստ Դեմիրթաշի` սպանությունը կարող էին կազմակերպել Թուրքիայի այն ուժերը, որոնք դեմ են թուրք-քրդական հաշտեցման գործընթացին:

Այժմ թուրքական գաղտնի ծառայությունները հանդիպում են Իմրալը կզղում բանտարկված PKK առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ` քուրդ մարտիկների և թուրքական զինուժի միջև զինադադար հասատելու նպատակով: Թուրքական որոշ լրատվամիջոցների համաձայն` կողմերն արդեն եկել են որոշակի պայմանավորվածության:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում սպանվել էին PKK երեք կին գործիչներ, այդ թվում` կուսակցության հիմնադիրներից մեկը` Սաքինե Ջանսըզը:

Մեկնաբանել