Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպի հայկական և հայաշատ թաղամասերում վերջին օրերին բախումներ և կրակոցներ չկան` թեև քաղաքում ռազմական դրությունը շարունակում է պահպանվել: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը:
Նրա խոսքով` Սուրբ ծնունդի նախօրեին ազատ են արձակվել երեք հայ առևանգվածներ: Մյուս գերիների մասին առաջնորդարանի խոսնակ տեղեկություններ չունի:
Ըստ Ռեյիսյանի` նախօրեին Սիրիայում տեղացած առատ ձյունն ավելացրել է բնակչության կենցաղային հոգսերը: «Ինչպես Հալեպում ապրող բոլոր մարդիկ, հայ համայնքի ներկայացուցիչները նույնպես, փայտ վառելով և կամ տան մեջ ծածկոցներով փաթաթվելով են հաղթահարում ցուրտը: Վառելանյութի պակաս կա: Ամեն մեկն իր հնարավորության սահմաններում փորձում է դիմակայել ցրտին»,- ասաց Ռեյիսյանը՝ հավելելով, որ էլեկտրաէներգիա օրվա ընթացքում տրվում է հիմնականում մեկ-երկու ժամով, գազ չկա, իսկ լինելու դեպքում բավական թանկ արժե:
Հալեպահայ համայնքի ներկայացուցիչն ասաց նաև, որ քաղաքում, ընդհանուր առմամբ, ջրի խնդիր չկա, միայն էլեկտրաէներգիայի բացակայությամբ պայմանավորված` բարձրադիր թաղամասեր ջուրը դժվարությամբ է հասնում: Սննդամթերք կա, սակայն բարձր գներով է վաճառվում:
Անդրադառնալով Պոլսո պատրիարքարանի` սիրահայերին օգնություն ցուցաբերելու համար նախաձեռնված դրամահավաքին, Ռեյիսյանն այն դրական գնահատեց, սակայն նշեց, որ պաշտոնական հայտարարությամբ դեռ չի կարող հանդես գալ:
Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակը նշեց, որ համայնքը պարբերաբար օժանդակություններ ստանում է ինչպես հայկական, այնպես էլ ոչ հայկական կազմակերպություններից. ««Բացի «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունից» այլ օժանդակություններ ենք ստացել Հայ օգնության միությունից, Հայկական բարեգործական ընդհանուր միությունից: Սակայն առաջին հերթին մեծ օգնություն էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կոչը՝ սիրիահայերին աջակցելու»:
Ռեյիսյանը նշեց, որ համայնքը հիմնականում համագործակցում է Կարմիր մահիկի հետ. «Հայաստանից եկած նախորդ օժանդակությունները Կարմիր մահիկի հետ համատեղ օդակայանից բերվեցին: Մենք նաև կարևոր բաժին հանեցինք տեղացի ոչ հայ կարիքավորներին»:
Նա տեղեկացրեց, որ Ամանորի առթիվ կարիքավոր 5 հազ. հայ ընտանիքի 4 հազ. սիրիական լիրա է բաժանվել: Անհրաժեշտության դեպքում այլ տեսակների օժանդակություն ևս տրվում է, այդ թվում` բժշկական, պարենային և այլն:
Ռեյիսյանի խոսքով` ըստ համայնքում շրջանառվող լուրերի` Հայաստան արտագաղթածների թիվը 5 հազ. է: Նույնքան մարդ է արտագաղթել նաև Լիբանան, ավելի քիչ թիվ են կազմում այլ երկրներ մեկնողները: