ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Երևան քաղաքի վարչության և տարածքային բաժինների 2012 թվականի գործունեության արդյունքների ամփոփումը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
Խորհրդակցությունը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Հաշվետու շրջանի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը:
2012 թ. մայրաքաղաքում գրանցվել է 7677 հանցագործություն, որը 697 դեպքով կամ 8.3%-ով պակաս է նախորդ տարվանից, այդ թվում՝ ծանր հանցադեպերի քանակը նվազել է 950 դեպքով, իսկ առանձնապես ծանրերը` 305-ով: 921 դեպքով կամ 15.3%-ով նվազել են քրեական հետախուզության գծով հաշվառված հանցագործություները:
Անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 452-ով կամ 29.6%-ով, 111 դեպքով աճել են մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը, ծանր մարմնական վնասվածքների թիվը նվազել է 2-ով:
Դիտավորյալ սպանությունների թիվը մնացել է անփոփոխ` 19, իսկ սպանության փորձերը նվազելեն 1-ով:
2012 թ. նախկին տարիների կասեցված քրեական գործերով բացահայտման ընդհանուր թիվն աճել է 81-ով կամ 16,8%-ով, ընդ որում վերոհիշյալ բացահայտված գործերից միայն 52-ը կասեցված էին հանցագործություն կատարողի անձը հայտնի չլինելու պատճառով:
Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում Երևան քաղաքում հայտնաբերվել է 179 հանցավոր խումբ՝ 492 անձով, որոնց կողմից կատարվել է 541 հանցագործություն:
Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել Երևանի կայազորի աշխատանքն անցած տարում և նախանշեց 2013 թվականի ծրագրի հիմնական ուղղությունները:
Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել առարկայական քննարկում՝ մանրամասն վերլուծվել են հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ ստորաբաժանումների իրականացրած գործողությունները, հասարակական հնչողություն ստացած հանցագործությունների բացահայտման ընթացքը, ոստիկանության մայրաքաղաքային կառույցում առկա թերացումներն ու բացթողումները, կադրային, կազմակերպչական և մի շարք այլ խնդիրներ:
Ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին տվել է համապատասխան ցուցումներ և կոնկրետ հանձնարարականներ: