Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պանկաջ Սաքսենային. տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:
Ողջունելով հյուրին, նախարարը նշել է, որ հայ-հնդկական մշակութային հարաբերությունները գտնվում են կայուն զարգացման փուլում և համոզմունք հայտնել, որ հետագա համագործակցությունը կունենա իր արժանի շարունակությունը:
Զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է Հայաստանում իրականացված համատեղ մշակութային ծրագրերին, մասնավորապես` 2012 թ. ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հնդկական «Ռամայանա» էպոսի հայերեն թարգմանությանը և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Հնդկական մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում՝ հնդկական համույթի ներկայացումներին:
Այնուհետև, կողմերն անդրադարձել են 2013 թ. Հայաստանում իրականացվող համատեղ մշակութային ձեռնարկներին, որի համատեքստում Հնդկաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը տեղեկացրել է նախարար Հ. Պողոսյանին, որ հունվարի 15-19-ը «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի «Հնդկական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում կցուցադրվեն հնդկական բազմաժանր ֆիլմեր (ռուսերեն լեզվով):
Հանդիպման վերջում Պանկաջ Սաքսենան շնորհակալություն է հայտնել նախարար Հ. Պողոսյանին ջերմ ընդունելության, ինչպես նաև երկու երկրների միջև ձևավորված մշակութային հարաբերությունները պատշաճ մակարդակի վրա պահելու համար:
Civilnet











