Դուք չեք կարող Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի խոսակցությունը հաղորդել եթերից, բայց սոցիալական ցանցերում այն կարող է քննարկվել. ընտրություններից առաջ լրատվամիջոցների ազատ խոսքին անդրադառնալով՝ նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում: Երևանի մամուլի ակումբում, ըստ նրա, արդեն իսկ մեկնարկել են նախընտրական քարոզարշավի լուսաբանման մոնիտորինգի աշխատանքները:
«Լրատվամիջոցների կողմից թեկնածուներին հավասար հնարավորություններ տրամադրելը բացարձակապես չի նշանակում րոպե առ րոպե հավասար ժամանակ տրամադրել»,- ասաց նա: Նավասարդյանը նշեց, որ թվային տվյալները կրկին հետաքրքիր են, սակայն դրանում խնդիր կա միայն այն դեպքում, եթե դրանով ակնհայտորեն դրսևորվում է որոշակի ոչ օբյեկտիվ վերաբերմունք. քիչ ժամանակ տրամադրելու խնդիրը կար նախկինում, այս անգամ խնդիրներն այլ են:
Իր խոսքով՝ ոչ միշտ են թեկնածուները հետաքրքիր և օբյեկտիվորեն չեն արժանանում լրատվամիջոցների ուշադրությանը: Հավասարակշիռ լուսաբանման համար, ըստ նրա, անհրաժեշտ է հատկապես լրագրողի արհեստավարժությունը: «Բարեգործական ակցիաներին, որոնց ոչ նախընտրական շրջաններում սովորաբար տրամադրվում է երեք րոպե, հիմա ոչ թե պետք է սկսել յոթ րոպե տրամադրել, ինչպես շատերն են անում, այլ, ընդհակառակը՝ տրամադրել կես րոպե՝ տալով չոր ինֆորմացիա»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է լրատվամիջոցները ձգտեն այնպիսի լրագրողների վստահել նման իրադարձությունների լուսաբանումը, ովքեր տեղյակ են հիմնադրամների պատմությանն ու գործունեությանը:
Նավասարդյանը նշեց, որ Հայաստանում հարկ է կարգավորել քաղաքական գովազդի ինստիտուտը նախընտրական ավելի ընդգրկուն ժամանակահատվածով, քանի որ նախընտրական շրջան ասելով ճիշտ չէ ընկալել և դիտարկել միայն ընտրություններին նախորդող 3-4 շաբաթը, ինչպես արվում է հիմա: Ըստ նրա՝ «առավել լայն շրջանը» պիտի ունենա կարգավորման՝ նախընտրական ամսվանից տարբեր չափորոշիչներ, և դրանց սահմանումը հրատապ է:
Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ այս անգամ ընտրությունների ոչ օբյեկտիվ լուսաբանման հիմքը նախընտրական շրջանում ոչ թե քաղաքական, այլ՝ տնտեսական է լինելու: «Այս ընտրություններից առաջ ունենք թեկնածուներ, որոնք իրենց հետևից լուրջ ուժեր չունեն՝ ֆինանսապես օժանդակելու համար, և պետք է հեռուստատեսությունները նրանց որոշակի ժամանակ տրամադրեն: Եվ լավ է, որ հիմա գոնե նշվում է, թե ինչի վրա է հիմնվում հեռուստատեսությունների կողմից րոպեի համար սահմանվող գինը: Եվ եթե հեռուստատեսությունը հիմա հրաժարվի այդ ժամանակը տրամադրելուց, ապա պետք չէ դրանում քաղաքական միտում տեսնել: Հնարավոր է, որ տեսնելով, որ դա իրականում չի կարող ֆինանսներ բերել, այդ նույն մարդկանց, որպես հյուր հրավիրեն խմբագրական կոչվող հաղորդումներին՝ իրականում լրագրողական աշխատանքի հետ կապ չունեցող, և այդպես փորձեն լուծել գումարային խնդիր: Ես կարծում եմ, այս անգամ նման միտում կլինի»,- ասաց նա: