RIM-ի օնլայն խանութը համալրվել է 15 հազ. բջջային ծրագրով

Էլեկտրատեխնիկա արտադրող կանադական Research In Motion (RIM) ընկերության BlackBerry App World օնլայն խանութն անցած հանգստյան օրերին համալրվել է 15 հազ. բջջային ծրագրով, որոնք նախատեսված են BlackBerry 10 սմարթֆոնի համար: Վերջինս վաճառքում կհայտնվի հունվարի 30-ին, իսկ մինչ այդ RIM-ի գործադիր տնօրեն Տորստեն Հեյնսի խոսքով` այս սմարթֆոնի համար կպատրաստվի 100 հազ. ծրագիր:

Համեմատության համար նշենք, որ այժմ ամերիկյան Apple ընկերության App Store օնլայն խանութում հասանելի են շուրջ 750 հազ., Google Play-ում` 2 մլն, իսկ Windows Phone օնլայն խանութում` 120 հազ. բջջային ծրագիր:

Շուկայում լուրեր են շրջանառվում այն մասին, որ RIM-ը շռայլ է իր ծրագրային մշակման մասնագետների նկատմամբ: Ընկերությունը մեկ նոր ծրագրի դիմաց $100 է վճարում հեղինակին, իսկ միևնույն հեղինակի կողմից 5 նոր ծրագրի մշակման դիմաց մասնագետն անվճար ստանում է սմարթֆոն: Ավելին` RIM-ը ծրագրային մշակման մասնագետներին երաշխավորում է, որ նրանց յուրաքանչյուր ծրագիր տարեկան $10 հազ. եկամուտ կապահովի:

Մեկնաբանել