Հայաստանը հեղափոխության շեմին է. Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում շարունակել պայքարն ազատության և փոփոխությունների համար, քանի որ «առաջիկայում վարչակարգը շարունակելու է ի ցույց դնել իր արատավոր դեմքը»:

Հիշեցնենք, որ Նարինե Մկրտչյանն առաջադրել էր իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողով չէր ներկայացրել ընտրագրավի վճարման անդորրագիրը, և հանձնաժողովը նրան չէր գրանցել որպես թեկնածու: Հայտարարությունը` ստորև:

Սիրելի հայրենակիցներ, ընտրություններն ավարտվեցին հազիվ մեկնարկած, ավարտվեցին` կրկին ի ցույց դնելով հայաստանյան ընտրական համակարգի անպատվությունն ու բռնադատվածությունը և ներկա քաղաքական համակարգի հակամարդկային բնույթը` Ընտրական օրենսգրքով սահմանելով 8 միլիոն դրամի հասնող ընտրագրավ` 228 անգամ բարձր նվազագույն և 67 անգամ՝ միջին աշխատավարձի չափից:

Ընտրագրավի անվամբ քողարկված ունեցվածքային ցենզի կանխադրույթը կիրառվեց որպես լծակ՝ ի ցույց դնելով իշխանությունների անթաքույց ցինիզմը ՀՀ այն հազարավոր քաղաքացիների հանդեպ, ովքեր ապավինում են իրենց ազնիվ աշխատանքին և աշխատավարձին: Ունեցվածքային ցենզ սահմանելով քաղաքական գործունեության իրականացման համար՝ այս իշխանությունը Հայաստանում դասակարգային խտրականություն է սահմանում:

Աշխարհը վաղուց է հրաժարվել սոցիալական այսօրինակ խտրականությունից, որը սահմանափակում է քաղաքականությամբ զբաղվելու բոլոր քաղաքացիների իրավունքը՝ բռնազավթելով ոչ միայն իշխանությունը, այլև այդ իշխանությունը փոխելու` քաղաքացիների համամարդկային իրավունքները:

Գործող քաղաքական վերնախավը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փշալարեր է անցկացրել գրեթե ամենուր, որպեսզի անհամաձայնության, դիմադրության, ընդվզման, արդարացի ձգտումների և նպատակների ճանապարհները դարձնի անանցանելի: Փշալարերը դրված են ոչ միայն քաղաքականության, այլև ազատական տնտեսության ճանապարհին:

Գործարարները չանսացին փոփոխությունների իմ առաջարկած ուղեգծին: «Մենք չենք ուզում խառնվել ընտրություններին» ասելով` նրանց մեծ մասը խառնվելու է առաջիկայում ընտրակաշառքի բաժանման գործընթացին, մոռանալով նաև, որ սոցիալական բևեռացման խորացմամբ նրանք՝ իշխանությունը և գործարար աշխարհը միասին, Հայաստանը կանգնեցրել են փաստացի դասակարգային առճակատման դեմ հանդիման: Ես ցավակցում եմ հայաստանցի գործարարներին, ովքեր չգիտակցեցին, որ փողով չեն կարող գնել կարևորները` ազատություն և արժանապատվություն, համարձակություն և խիզախություն, և սերը հայրենիքի հանդեպ: Նրանց հոգում տեղ չկա Հայաստանի հանդեպ սիրո, հոգատարության և քնքշանքի համար: Հայաստանի գործարար աշխարհին ես հղում եմ իմ խորին ցավակցությունները:

ՀՀ հպարտ քաղաքացիներ, ընտրապայքարի այս կարճ ժամանակահատվածում ես փորձեցի ձեր մեջ հույս արթնացնել փոփոխությունների հանդեպ և իմ առաջադրմամբ ձեզ հնարավորություն ընձեռել աջակցել փոփոխություններին: Թևաթափ, հուսախաբ հասարակության մեջ աստիճանաբար ծայր առավ ներքին պայքարը և ներքին լարումն առկայծեց փոփոխությունների հույսից:

Ես շնորհակալ եմ ՀՀ այն արժանապատիվ քաղաքացիներին, ովքեր ընկալեցին պահի լրջությունը, քաջալերեցին ինձ, արձագանքեցին հույսին և փոփոխությունների իմ ուղեգծին: Ընտրապայքարի այս կարճ ժամանակահատվածում իմ թիմակիցների հետ մենք արեցինք հնարավորն ու անհնարը փոփոխությունների դուռը բացելու և այն բաց պահելու համար:

Համոզված եղեք, այդ դուռը շարունակում է բաց մնալ, և ոչ ոք չի կարող այն փակել, եթե միայն դուք թույլ չտաք: Ցանեք, տարածեք փոփոխությունների սերմերը բոլորի հոգիներում:

ՀՀ արժանապատիվ և ազատատենչ քաղաքացիներին ես հղում եմ իմ ուղերձը` բաց պահեք փոփոխությունների դուռը և արթուն պահեք հույսը, որը կհասցնի հաղթանակի:

Հասարակական-քաղաքական կյանքի վերընձյուղմանը նպաստեցին բազմակարծությունը և լրատվության անկողմնակալությունը, որոնք ապահովեցին և ապահովում եմ իմ գործընկերները` այն լրագրողները, ԶԼՄ-ների ղեկավարները, ովքեր ապացուցեցին, որ հասարակական բարձր արժեքներն են լրագրության արժեքներն ու սկզբունքները: Ես շնորհակալ եմ նրանց աջակցության համար: Իմ գործընկերներին ես հղում եմ այս կոչը` պահպանել այդ արժեքները, չկորցնել ներքին ազատությունը և այն փոխանցել հասարակությանը:

Ընտրապայքարն ինձ համար սկսվեց ուսանողների հետ հանդիպումներով: Նրանց ելույթներում և նրանց լռության մեջ տեսա հույսը և հուսահատությունը: Խորապես գիտակցելով հայոց պետականության՝ մեր հայրենիքի գլխին կախված վտանգը և Սերժ Սարգսյանի կառավարման համակարգի արատները՝ կոռուպցիան, կաշառակերությունը, անպատժելիությունը, անօրինականությունը, անարդարությունը` որպես հետևանք՝ աննախադեպ արտագաղթը, ես առաջադրվեցի ՀՀ նախագահի ընտրություններում: Իրենց ապագան այդ ուսանողներից շատերը չեն կապում Հայաստանի հետ: Ես հղում եմ նրանց` ուսանողներին իմ կոչը` թույլ չտալ կողոպտեն իրենց և իրենց հայրենիքի ապագան:

Սիրելի հայրենակիցներ, իմ զրույցները, ելույթներն ու հանդիպումները ոչ այս ընտրապայքարով են սկսվել, ոչ էլ ավարտվելու են դրանով: Ես խոսելու եմ ձեզ հետ youtube-ով, իմ հոդվածներով, տալու եմ քաղաքական գնահատականներ:

Առաջիկայում վարչակարգը շարունակելու է ի ցույց դնել իր արատավոր դեմքը. համոզված եմ՝ արժանապատիվ և չհարմարվող քաղաքացիները երես են թեքելու նրանից՝ անհամաձայնությամբ և ընդվզմամբ:

Ազատության և փոփոխությունների համար մղվող պայքարը շարունակվում է, պայքարի միջոցները սպառված չեն բնավ: Ոչ ոք չի կարող մեզնից խլել ի վերուստ տրված մեր իրավունքները:

ՀՀ ազատ և հպարտ քաղաքացիներին ես հղում եմ իմ ուղերձը`

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՊԱՆՎԱԾ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ Է»:

Մեկնաբանել