Իսլանդիան դադարեցրել է ԵՄ անդամակցության բանակցությունները

Իսլանդիայի կառավարությունը դադարեցրել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցությունները երկրում 2013թ․ ապրիլի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հաղորդում է բրյուսելյան EUobserver ինտերնետային պարբերականը։

Վերլուծաբաններն այս որոշումը կապում են այն հանգամանքի հետ, որ գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իսլանդիայում հնարավոր է՝ իշխանության գան եվրաթերահավատները։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ գործող ձախակենտրոն կոալիցիոն կառավարությունը ժողովրդականությամբ մոտ 15 տոկոսային կետով հետ է մնում պահպանողական «Անկախության կուսակցությունից», որը դեմ է հանդես գալիս Իսլանդիայի անդամակցությանը ԵՄ-ին և մեծ հավանականությամբ՝ մտադիր է կոալիցի ձևավորել լիբերալ «Առաջադիմական կուսակցության» հետ։

Եվրամիության ինստիտուտների և Իսլանդիայի կառավարության ներկայացուցիչները 2012թ․ դեկտեմբերին բացել էին երկրի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցային գործի վեց նոր այսպես կոչված «գլուխ»։ Ընդհանուր առմամբ՝ Իսլանդիայի անդամագրային գործը ներառում է 35 «գլուխ», որոնցից ներկայում բանակցություններ են բաց 27-ով, իսկ ավարտված են՝ 11-ով։ Որպեսզի թեկնածու երկրի հետ ստորագրվի ԵՄ անդամակցության վերաբերյալ պայմանագիր, պահանջվում է ավարտել բանակցությունները բոլոր «գլուխներով»։ Այդ բանակցություններում համեմատվում է, թե որքանով է ազգային օրենսդրությունը համապատասխանում ԵՄ օրենսդրությանը ամենատարբեր ոլորտներում, ներառյալ՝ տնտեսական և դրամավարկային քաղաքականությունները, արդարադատությունը, հարկումը, էնրգետիկան, գյուղատնտեսությունը, ձկնորսությունը և այլն։ Փորձագետները նշում են, որ Իսլանդիայի համար գլխավոր խնդիրը կապված է ձկնորսության «գլխի» հետ։ Ռեյկյավիկը նախկինում արդեն կոնֆլիկտ ունեցել է ԵՄ-ի հետ՝ միակողմանիորեն բարձրացնելով սկումբրիայի որսի քվոտաները։ ԵՄ-ն ու Իսլանդիան նաև խիստ հակառակ դիրքորոշումներ ունեն կետորսության հարցում։

Իսլանդիան, որի բնակչությունը 320 հազ․ է, ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 2010թ․ ամռանը՝ տնտեսական իրադրությունը զգալի վատթարացրած հսկայական պարտքերի պատճառով երկրի խոշորագույն բանկերի սնանկացումից հետո։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Ռեյկյավիկին ստիպեց ԵՄ անդամակցության նպատակահարմարության շուրջ տասնամյակների կասկածներից հետո ապաստան փնտրել Եվրամիությունում։

Մեկնաբանել