ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաև հանրապետության խոշոր քաղաքների` Երևանի, Գյումրիի և Վանաձորի քաղաքապետերը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է 2013թ. պալատի գործունեության սկզբունքները. տեղեկանում ենք ՀՀ ՏԿՆ-ի պաշտոնական կայքից: Նա մասնավորապես նշել է, որ այս տարի առաջին անգամ պետբյուջեի միջոցների օգտագործման արդյունավետության նկատմամբ օպերատիվ վերահսկողություն է իրականացվելու: Ուշադրության կենտրոնում են լինելու պետական գնումների, շինարարության ոլորտները, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները: Նա միաժամանակ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել համայնքներին և մարզպետարաններին, տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ և խորհրդատվություն:
Փոխվարչապետն ավելացրել է, որ գնումների գործընթացները լինելու են նաև Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում: Նա կարևորել է համատեղ աշխատանքի միջոցով առկա խնդիրների բացահայտումը և գործընթացների պարզեցմանն ու թափանցիկությանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկություններ է ներկայացրել մի շարք մշակութային ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, հունվարի վերջին և փետրվարի սկզբին կկազմակերպվի Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսն (մարզային ArtExpo) ու մրցույթ-փառատոնը: Առաջինը տեղի էր ունեցել 2011թ. սեպտեմբերին` Գյումրիում և Վանաձորում: Ցուցահանդեսի և փառատոնի մրցութային փուլերն այս անգամ կանցկացվեն Վանաձոր, Արտաշատ և Արմավիր քաղաքներում: Նախարարը կարևորել է բոլոր մարզերի ակտիվ մասնակցությունը միջոցառումներին:
Նա նաև ընդգծել է 2013թ-ին Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու հետ կապված տարվա ընթացքում նախատեսվող տարբեր մշակութային նախագծերին ևս բոլոր մարզերի մասնակցության անհրաժեշտությունը: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է աշխատել Մշակույթի նախարարության հետ` միջոցառումներին անհրաժեշտ մասնակցություն ապահովելու համար:
Նախարար Հ. Պողոսյանը նաև անդրադարձել է «Երևան-Մեղրի զբոսաշրջային երթուղու զարգացման հեռանկարային համալիր ծրագրին», որը նպատակ ունի նպաստել մշակութային զբոսաշրջության զարգացմանը, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմամբ նշված երթուղու վրա գտնվող մշակութային հուշարձաններն առավել հասանելի դարձնել զբոսաշրջիկների համար: Նախարարի խոսքով` արդեն ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որում կներգրավվեն նաև Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի ներկայացուցիչներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզերում 2013թ. գարնանը հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է սեղմ ժամկետներում ներկայացնել պարարտանյութի և դիզվառելանյութի պահանջարկի վերաբերյալ հստակ տեղեկատվություն: