Երեք տասնյակ հայերեն բառեր

Նախօրեին ակտիվ քննարկումների թեմա էր դարձել 12-րդ դասարանի աշակերտ Մուշեղի ֆեյսբուքում Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանին ուղղված գրառումը Հայոց լեզվի և գրականության դպրոցական ավարտական շտեմարաններում տեղ գտած որոշ խնդիրների մասին: Սակայն, ինչպես հաճախ պատահում է, թեմայի քննարկումն ավելի լայն մտորումների ասպարեզ բացեց:

Դպրոցականը մասնավորապես գրել էր. «…որպես ավագ դպրոցի աշակերտ ու դիմորդ, ուզում եմ բողոքել Հայոց լեզվի և հայ գրականության շտեմարաններից: Հեղինակները բառարաններից այնպիսի բառեր են դուրս գրել ու ավելացրել շտեմարաններում, որ ես անձամբ երբևէ չեմ հանդիպել դասագրքում: Առանց կրկնուսույցի մոտ պարապելու գրեթե անհնար է ընդունվել: Եվ ի՞նչ անի դիմորդը հինգ ամսում (շտեմարանի առաջին մասը հրատարակվել է դեկտեմբերի վերջին շաբաթը, մյուս մասն էլ հունվարին): Հայոց լեզվի շտեմարանի 1-ին հատորում կան բառեր, որոնք մինչև շտեմարանով պարապելը դասագրքում չէի հանդիպել՝ երկնառաք, անդրենածին, մաշտոց (անասունների մազը սանրելու գործիք), արիշ, նայադ, կնդրուկ, ուրթ, գուպար, գուլ, գուռ, գուղձ, անայգ, հրուտ, հույլ, գուբ, տմույն, բարեմույն, տտիպ, սինլքոր, քսու, խանդակաթ, խույր, մկունդ, շառափ, խանձարուր, կալյակ, պարեխ, ագուգա, ազազուն, գոս, բորոտ, գռուզ, դժնդակ, անոսր, սիգալ, ելուզակ…. Բացի այս բառերից, կան այնպիսի ծիծաղելի հարցեր գրականությունից, որոնք իբրև ստուգում են մեր գիտելիքները գրականությունից: Օրինակ հարց կա, որտեղ պահանջվում է գտնել այն տարբերակը, որում տարբեր պատմավեպերի դայակների և աղախինների անուններն են…»:

Կարելի էր ուրախանալ դպրոցականի համարձակության և պայքարելու ցանկության վրա և մի կողմ դնել այս գրառումը, եթե չլիներ շարունակությունը՝ գրված արդեն տիկին Անահիտ Բախշյանի կողմից. «…Միանալով Մուշեղի բողոքին, առայժմ ընդամենը հրապարակում եմ նրա նամակը և ակնկալում, որ այս աշակերտի բողոքը լսելի կլինի շտեմարանների հեղինակներին, որոնց նպատակը պետք է լինի հնարավորինս հավատարիմ մնալ հանրակրթության չափորոշիչներից բխող առարկայական ծրագրերին»:

Ավելին, քիչ անց հայտնվեց նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պատասխանը. «…Սա դեռ շտեմարան է, քննական թեստ չէ, ուստի ԳԹԿ-ում պարբերաբար կհրավիրվեն կլոր սեղաններ, որտեղ բոլոր թերի առաջադրանքները կքննարկվեն: Լավ է, որ աշակերտներն ու ուսուցիչները հիմիկվանից արձագանքում են, ինչքան շատ լինեն արձագանքները, այնքան ավելի կատարյալ կլինի քննական թեստը»:

Իրավիճակն արդեն սկսում էր զավեշտալի դառնալ: Փաստորեն, ՀՀ կրթական համակարգի ղեկավարներից մեկը և ԳԹԿ-ն համաձայնել են դպրոցականի քննադատության հետ: Եթե դպրոցականի գրածը կարելի է բացատրել իր գործը հեշտացնելու երեխայական ձգտմամբ, ապա կրթական ոլորտի տվյալ պատասխանատուների պահվածքն ինձ համար բացարձակ անհասկանալի է:

Եթե շտեմարանների հետ խնդիր կա, ապա նման եզրակացություն պետք է տա համապատասխան արհեստավարժ փորձաքննություն ենթարկող մարմինը և ոչ թե դպրոցականը: Եթե համաձայնում ենք, որ հայերեն լրացուցիչ երեք տասնյակ բառ սովորելը շատ դժվար է կամ ոչ նպատակահարմար, իսկ բառարանից օգտվելը՝ անհնար, ուրեմն եկեք այլևս չխոսենք մրցունակ կամ հայրենասեր ապագա սերունդ ունենալու մասին:

Համաձայնելով հանել նշված բառերը կամ ավելի հեշտացնելով թեստերը, ավելի կիջեցնեք նշաձողը, որն առանց այդ էլ վերջին տարիների սարսափելի ընկել է: Մրցակցային աշխարհում ապագա այս երիտասարդներին ոչ ոք չի ընդառաջելու և զերծ պահելու դժվարություններից: Այսօր հեշտ ճանապարհներ նրանց առաջ բացելով՝ կդաստիարակենք դժվարություններից վախեցող, լուծումներ փնտրելու անընդունակ մի սերունդ: Առանց այդ էլ դպրոցական և բուհական ծրագրերը չեն ապահովում այն ամբողջ ծանրաբեռնվածությունը, ինչ ժամանակին կար խորհրդային դպրոցում և ԲՈՒՀ-ում: Առանց այդ էլ, մեր «աշխատասեր ժողովուրդ» բրենդը վերջին տարիներին կարծես հատուկ ոչնչացվում է: Ոչ աշխատանքային օրերի թվով ԱՊՀ-ում ամենաառաջինն ենք լինելու 2013 թ.՝ 21: Իսկ այս դեպքը շատ լավ առիթ է նաև խոսելու աշխատասիրության դաստիարակության մասին:

Մեկնաբանել