Ստեղծվել է Բնապահպանական ճակատ

Բնապահպանական խնդիրների դեմ բոլոր պայքարել ցանկացողներն այսուհետ կարող են միավորվել Համահայկական բնապահպանական ճակատում (ՀԲՃ), որի ստեղծման մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանը հայտարարեցին բնապահպան ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանը, Լևոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը և Վաչե Թովմասյանը:

Նրանց խոսքով` ՀԲՃ-ի նպատակը պետք է լինի հայրենի բնության պահպանության, տնտեսության բանական զարգացման և սոցիալական արդարության ապահովումը: Այս նպատակին հասնելու ճանապարհին ՀԲՃ-ն հետամուտ է լինելու բնական միջավայրի պահպանմանը, վերականգնմանն ու զարգացմանը, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը և վերարտադրությանը, շրջակա միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական հետևանքների կանխմանը և վերացմանը, սոցիալական արդարության սկզբունքով բնական ռեսուրսների օգտագործման արդյունքների բաշխմանը:

Նշված նպատակին հասնելու և խնդիրների իրականացման համար ՀԲՃ-ն առաջարկում է ձևավորել բնապահպանական մոնիթորինգի և գործողությունների կազմակերպման ու համակարգման համահայկական ցանց, որի գործունեությունն իրականացնելու համար կստեղծվի համակարգող խորհուրդ: Այն համակարգելու է տարածքային և ոլորտային սկզբունքներով ձևավորված աշխատանքային խմբերի գործունեությունը:

Աշխատանքային խմբերն առաջարկվում է ձևավորել ըստ ենթաոլորտային խնդիրների: Առաջարկվում է կառույցներ ձևավորել Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, իսկ արտերկրի հայության մասով` Լոս Անջելեսում և Մոսկվայում:

ՀԲՃ-ի բնականոն գործունեության ապահովման համար նախատեսվում է ստեղծել նաև բնապահպանական հիմնադրամ:

Մեկնաբանել