Dell-ը ստեղծել է գերկոմպակտ Android համակարգիչ

Ամերիկյան Dell տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Project Ophelia գերկոմպակտ համակարգիչը, որի չափերը համընկնում են կրիչի չափերի հետ: Այն կարող է միանալ հեռուստացույցին և USB մուտքին: Սարքավորման շնորհանդեսը տեղի կունենա 2013թ. 1-ին կիսամյակում, հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը:

Project Ophelia-ն ունի Bluetooth և Wi-Fi մոդուլներ, որոնցից առաջինն օգտագործվում է ստեղնաշարին և մկնիկին, իսկ երկրորդը` անլար ցանցին միացնելու համար: Սարքավորման մյուս բնութագրիչները չեն ներկայացվում, սակայն հայտնի է, որ այն աշխատում է Android 4.1 (Jelly Bean) օպերացիոն համակարգով:

Գրպանի համակարգիչն արտաքին էկրանին միանում է Mobile High-Definition Link (MHL) միջերեսի (ինտերֆեյսի) օգնությամբ: Համակարգչի գլխավոր թերությունն այն է, որ ժամանակակից HDTV-հեռուստացույցներից ոչ բոլորին կարող է միանալ:

Հատկանշական է, որ վերջին հինգ տարիներին պահանջարկի կրճատման հետևանքով Dell-ը մեծ կորուստներ է կրում անհատական համակարգիչների շուկայում: Փորձագետների համոզմամբ` ընկերությունը մտադիր է Project Ophelia-ի օգնությամբ ավելացնել ընկերության սպառողական հատվածի եկամտաբերությունը:

ArsTechnica-ի հաղորդմամբ` սարքավորումը կարժենա $50:

Մեկնաբանել