Բաքուն մեծ գումարներ է լվանում SOCAR-ի միջոցով. Մայքլ Ռոս

ԱՄՆ Կալիֆոռնիայի Լոս Անջելոսի համալսարանի պրոֆեսոր, «Նավթային անեծք. ինչպես է նավթը սահմանում ժողովուրդների զարգացումը» գրքի հեղինակ Մայքլ Ռոսը ադրբեջանական Turan գործակալությանը տված հարցազրույցում մտահագություն է հայտնել Ադրբեջանում 2013թ. աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների տնտեսական հնարավոր հետևանքների շուրջ:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները իրենց հեղինակությունը բարձրացնելու նպատակով նախըտրական շրջանում հսկայական գումարներ են ծախսում, ինչը զգալի վնաս է պատճառում տնտեսությանը, և հետընտրական շրջանում այդ վնասը, ըստ Ռոսի, ավելի զգալի կլինի:

«Ադրբեջանում իրադրությունը շատ ավելի վատ է, քան նավթ ունեցող այլ երկրներում: Թափանցիկ չէ ոչ միայն երկրի բյուջեն: Մեծ գումարներ լվացվում են SOCAR-ի միջոցով, որն էլ ավելի պակաս թափանցիկ է»,-ասել է Ռոսը:

«Հուսով եմ, որ Ադրբեջանում նախընտրական քարոզարշավը այլ կերպ կընթանա՝ երկրի ապագայի և նավթի առավել արդյունավետ օգտագործման կառուցվածքային երկխոսության մթնոլորոտում», -ասել է Ռոսը:

Ամերիկացի պրոֆեսորը իր վերջին գրքում գնահատել է նավթային հարստությունների ոչ արդյունավետ օգտագործման բացասական հետևանքները և զարգացող երկրների վրա դրանց ազդեցությունը՝ հատկապես ժողովրդավարության և տնտեսական ազատության հարցերում:

«Ադրբեջանական հասարակությունը նավթային հարստություններից զգալի օգուտներ է ստացել: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է նավթային եկամուտներից, որոնք կսկսեն նվազել արդեն 2016-ից», -ասել է Ռոսը:

Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացման հիմնական խոչընդոտ Ռոսը համարում է կոռուպցիան:

Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում բավական բարդ է բիզնես սկսելը, ինչպես նաև շինարարության համար թույլտվություն ստանալը:

Ըստ միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպությունների՝ Ադրբեջանի կառավարությունը երկրի բյուջեի մասին բավական քիչ տվյալներ է հրապարակում, որի հետևանքով բիզնեսի ազատության ինդեքսում Ադրբեջանը զիջում է մի շարք աֆրիկյան և մերձավորարևելյան երկրների:

Ռոսը, անդրադառնալով այս հարցին, նշել է, որ նավթով հարուստ երկրներում, որպես կանոն, կառավարությունները «փակ» են, և դրա հիմնական նպատակը կոռուպցիան թաքցնելն է:

Մեկնաբանել