Իտալական նորաձևությունը սերտաճել է օլիգարխների հետ

Նորաձևության ինդունստրիայի միանգամից երեք ներկայացուցիչ այս տարի ընդգրկվել են Bloomberg Billionaire Index և Forbes-ի միլիարդատերերի ցանկում: Ընտրյալների ցանկի բոլոր «նորեկներն» իտալացիներ են՝ Dolce&Gabbana-ի հիմնադիրներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան, ինչպես նաև զուգագուլպաներ և ներքնազգեստ արտադրող Calzedonia խմբի սեփականատեր Սանդրո Վերոնեզին:

Bloomberg-ը Dolce&Gabbana-ն գնահատել է 5,3 մլրդ դոլար: Ընկերության բաժնետոմսերի 41,8%-ը վերահսկող Դոլչեի կարողությունը կազմում է 2,2 մլրդ դոլար, 40% բաժնետոմսերի սեփականատեր Գաբանայինը՝ 2,1 մլրդ դոլար: Ապրիլին Forbes-ը նույնպես իտալացի դիզայներներին կընդգրկի միլիարդատերերի իր ցանկում: Հանդեսը հստակ թվեր դեռ չի հրապարակել՝ նշելով, որ «յուրաքանչյուրի կարողությունը գերազանցում է 1 մլրդ դոլարը»:

Dolce&Gabbana-ն լյուքս դասի համաշխարհային եզակի այն բրենդներից է, որին դեռ չեն տիրացել ֆրանսիական նորաձևության ինդուստրիայի հսկաներ LVMH-ն ու PPR-ը:

Ընկերությունը հիմնադրվել է 1985թ. և աստիճանաբար ընդլայնել է արտադրվող ապրանքների տեսականին՝ D&G երիտասարդների համար հագուստից բացի՝ թողարկելով նաև օծանելիք և կոսմետիկ միջոցներ: 2011թ. ընկերությունը փակեց D&G-ն՝ իր հիմնական արտադրանքի՝ Dolce&Gabbana գծի վրա կենտրոնանալու նպատակով:

Իսկ ահա Վերոնեզիի կարողությունը, որին պատկանում է Calzedonia-ի բաժնետոմսերի 85%-ը, գնահատվում է 1,9 մլրդ դոլար: Ընկերության պորտֆելում ներառված են այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Calzedonia-ն, Intimissimi-ն, Falconeri-ն և Tezenis-ը: Խանութների ցանցն առայժմ ներկայացված է միայն Եվրոպայում, սակայն Calzedonia-ն նախատեսում է ընդլայնվել դեպի Ասիա, ԱՄՆ և Մերձավոր Արևելք:

Մեկնաբանել