Unwired View բլոգը հրապարակել է էլեկտրատեխնիկա արտադրող թայվանական HTC ընկերության նոր սերնդի սմարթֆոնի լուսանկարը, որն աշխատում է Android համակարգով: Բլոգում ներկայացված են նաև սմարթֆոնի բնութագրիչները:
Ինչպես հաղորդում է Unwired View-ն, լուսանկարը հատված է անիմացիոն կարճ տեսահոլովակից: Հոլովակում նկարագրվում է, թե ինչպես կարելի է տեղադրել SIM քարտը սմարթֆոնում:
Ըստ բլոգում հրապարակված տեղեկատվության` HTC-ի նոր սմարթֆոնը կստանա M7 անվանումը: Այն ունի 4,7-դյույմանոց էկրան, 1,7 ԳՀց հաճախականությամբ չորսմիջուկ պրոցեսոր, ինֆրակարմիր մուտք, որի շնորհիվ սմարթֆոնը կենցաղային սարքավորումների համար կծառայի որպես հեռակառավարման վահանակ:
Թայվանական ընկերության M7 սմարթֆոնը, ըստ ամենայնի, կներկայացվի փետրվարի վերջին` Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress 2013 Համաշխարհային բջջային համաժողովի շրջանակում: