Թուրք հայտնի լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդի մահվան մասին լուրը չի համապատասխանում իրականությանը, ասել է լրագրողի որդին: Նշենք, որ թուրքական մի շարք լրատվամիջոցներում այսօր առավոտից շրջանառվում էր լրագրողի մահվան մասին տեղեկությունը:
Ներկայում Բիրանդը հիվանդանոցում է: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, նրան այցելել է նաև Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, որը, իր հերթին, հերքել է լրագրողի մահվան մասին լուրը: Նշվում է սակայն, որ Բիրանդի վիճակը ծայրահեղ ծանր է վիրահատությունից հետո սրտի հետ ծագած խնդիրների պատճառով:
Լրագրողն իր հոդվածներում և վերլուծություններում բազմիցս անդրադարձել է հայկական թեմաներին: Նա 2005թ. Երևանում հարցազրույց է վարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը հետագայում լայն քննարկումների առիթ է դարձել:
Հատկանշական է, որ Բիրանդի ազգային պատկանելության հարցը մինչ այժմ քննարկվում է Թուրքիայում: Անդրադառնալով խնդրին` լրագրողը վերջերս նշել է. «Շատերն ասում են, թե ես հայ եմ, սակայն ես հայ չեմ, իսկ եթե հայ լինեի, հպարտ կլինեի: Ես ասիմիլացված քուրդ եմ, սակայն ինձ քուրդ չեմ զգում, չնայած որ քրդերի խնդիրներն իրենցից լավ գիտեմ»: