Մարտի 22-ին Երևանում պետք է տեղի ունենար ընկերական հանդիպում Հայաստանի և Թուրքմենստանի ազգային հավաքականների միջև, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2012 թվականին: Սակայն հանդիպումը չի կայանալու, քանի որ Թուրքմենստանի հավաքականը նշված ժամկետներում մասնակցելու է Ասիայի Ֆուտբոլային Կոնֆեդերացիայի Գավաթի 2014 թ. խաղարկության ընտրական փուլի հանդիպումներին:
Նախատեսված էր, որ այդ հանդիպումները պետք է կայանային մարտի 2-ից 10-ը, սակայն ՖԻՖԱ-ն, ընդառաջելով մրցաշարի կազմակերպիչ երկրի՝ Ֆիլիպինների ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրանքին, փոխել է ժամկետները՝ հաստատելով նոր ժամկետներ՝ մարտի 20-ից 28-ը:
Այս կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացել է պաշտոնական նամակ, որում, մասնավորապես, նշված է. «Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է իր խորին երախտագիտությունը մեր երկրների հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու հրավերի համար, սակայն ցավով պետք է նշենք, որ ՖԻՖԱ-ի կողմից Ասիայի Ֆուտբոլային Կոնֆեդերացիայի Գավաթի 2014 թ. խաղարկության ընտրական փուլի հանդիպումների ժամկետների տեղափոխության պատճառով մենք չենք կարող ընդունել ձեր հրավերը: Դրա փոխարեն մենք սիրով առաջարկում ենք հանդիպումն անցկացնել սույն թվականի օգոստոսի 14-ին կամ մեկ ուրիշ օր»:
Հանդիպման հնարավոր նոր ժամկետները ՀՖՖ-ն դեռ չի քննարկել, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: