Իրանը Սիրիային $1 մլրդ-ի վարկ է հատկացրել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին համաձայնագիրը ստորագրվել է Սիրիայի վարչապետի՝ Թեհրան կատարած այցի արդյունքներով։
Ենթադրվում է, որ հատկացված միջոցների մոտ կեսը կտրամադրվի Սիրիայի էներգետիկայի զարգացմանը։ Մասնավորապես՝ Իրանը մտադիր է ֆինանսավորել էլեկտրակայանների կառուցումը։
Գործարքին մասնակցում են Իրանի զարգացման արտահանման բանկը և Սիրիայի առևտրային բանկը։ Ինչպես գրում է բրիտանական Financial Times պարբերականը, վարկային բոլոր միջոցները հատկացվելու են ծառայությունների և սպառողական ապրանքների տեսքով, իսկ դրամական ուղղակի փոխանցումներ չեն լինելու։
Սիրիայի տնտեսությունը տուժում է երկրի նախագահ Բաշար ալ Ասադի համախոհների և զինված ընդդիմության միջև հակամարտությունից։ Քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիայի ՀՆԱ-ն անցյալ տարվա ընթացքում 8%-ով նվազել է, իսկ գները բարձրացել են տասնյակ տոկոսներով։ Ընդ որում՝ վաճառքները տարբեր ոլորտներում 50-90%-ով անկում են ապրել։
Համաձայն Դամասկոսի պաշտոնական տեղեկատվության՝ Սիրիայի միջազգային պահուստները մնում են $15 մլրդ-ի մակարդակում և 2011թ․ ի վեր փոխվել են ընդամենը 10%-ով։ Միաժամանակ՝ փարձագետների գնահատկաններով՝ ցուցանիշը նվազել է $5 մլրդ-ից։ Սա նշանակում է, որ Դամասկոսի ռեսուրսները խիստ սահմանափակ են։
Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։