Այսօր` հունվարի 18-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ՀՀ էներգետիկայի նախարարության ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաների հետ միասին ներկա է գտնվել Միջուկային փորձաքննության լաբորատորիայի բացմանը Հայաստանի ատոմակայանում (ՀԱԷԿ), հաղորդում են ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից:
Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի փորձաքննությունների լաբորատորիան ձևավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագրի ու ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում, որն ուղղված է Հայաստանի միջուկային մաքսանենգության անդրազգային վտանգներին արձագանքելու ուղղությամբ Հայաստանի կարողությունների մեծացմանը:
Լաբորատորիան հնարավորություն կընձեռի իրականացնել հանցանքի վայրից ձեռք բերված միջուկային ու ռադիոակտիվ աղտոտվածություն ունեցող իրեղեն ապացույցների փորձաքննություններ ու տեխնիկական վերլուծություններ, որոնք անհրաժեշտ են միջուկային մաքսանենգություն կատարողների նկատմամբ քրեական հետապնդում ապահովելու համար: Լաբորատորիան Հայաստանի առաջ կբացի միջուկային նյութերի անօրինական գործածման հարցերով հետաքննությունների ասպարեզում այլ պետությունների հետ աշխատելու հնարավորություն: Բացի այդ, այս կառույցի միջոցով աշխատանքներ կկատարվեն 2012թ. Կորեայի Հանրապետությունում տեղի ունեցած վեհաժողովի ժամանակ քննարկված 2010թ. Միջուկային անվտանգության վեհաժողովի գործողությունների պլանն առաջ տանելու ուղղությամբ:
Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու միջուկային զենքի չտարածման բյուրոյի Զանգվածային ոչնչացման և ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի կողմից: Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագին աշխատում է ամբողջ աշխարհում միջուկային մաքսանենգության կանխարգելման ուղղությամբ: Միջուկային փորձաքննության լավագույն փորձն ու համագործակցության բարելավումը հնարավորություն են տալիս պետություններին պայքարել միջուկային մաքսանենգության դեմ՝ զարգացնելով նյութերի ծագումը որոշելու ու մաքսանենգ փոխադրում իրականացնողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կարողությունները: