Մալիի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ զորքերին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Կոնա քաղաքը, որն ավելի վաղ գրավել էին իսլամիստ ապստամբները, հաղորդում է BBC-ն։
Միաժամանակ՝ Ֆրանսիական ավիացիան մի շարք ռմբահարվածներ է հասցրել Դիաբալի քաղաքին երկրի հարավում։ Դիաբալիի քաղաքապետը BBC-ին տեղեկացրել է, որ իսլամիստները նահանջում են դեպի հյուսիս՝ Թիմբուկտու քաղաք։ Այլ աղբյուրներ այս տեղեկատվությունն առայժմ չեն հաստատում։
Մինչդեռ՝ Կոտ դ՛Իվուարում սկսվում են աֆրիկյան մի շարք երկրների արտգործնախարարների բանակցությունները Մալիում ռազմական հետագա գործողությունների համակարգման վերաբերյալ։
Հունվարի 13-ին Ֆրանսիան ընլայնել էր Մալիում իսլամիստների բազաների ոչնչացման՝ հունվարի 11-ին սկսած գործողության մասշտաբը։ Փարիզում խոստովանել են, որ պարզվել է՝ հակառակորդն ավելի ուժեղ է, քան կարծում էին նախքան ռազմական գործողությունների սկիզբը։
Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մալիում իսլամիստները լավ զինված են և լավ պատրաստված։