Կահիրեում բացվել է առաջին՝ իսլամի նորմերին համապատասխան սրճարանը

Կահիրեում բացվել է առաջին սրճարանը, որը լիովին համապատասխանում է իսլամի նորմերին։ Այն հիշեցնում է Սաուդյան Արաբիայի սրճարանները, որոնք հայտնի են մուսուլմանական ավանդույթների խիստ պահպանմամբ, հաղորդում է Euronews-ը։

Սրճարանը ապակե պատնեշներով բաժանված է երեք մասի՝ կանանց համար, ընտանիքների համար և տղամարդկանց համար։

Երաժշտությունն ու հեռուստաալիքները միայն մուսուլմանական նորմերին համապատասխան են, ինչպես և, բնականաբար, սնունդը։ Այս նույն պատճառով արգելված է նարգիլե ծխելը։

«Այս սրճարանում շատ հաճելի է հոգեբանական տեսանկյունից․ հանգիստ իսլամական երաժշտություն, ոչ մի խնդիր, առանձնացված խմբեր, կանայք տղամարդկանցից առանձին»,- ասում է սրճարանի այցելուներից մեկը։

Ինչպես կարծում է Euronews-ի թղթակիցը, «սոցիալական վերափոխումը, որը սկսվել է Եգիպտոսում իսլամիստների իշխանության գալով, ներառում է նաև այսպիսի՝ իսլամի նորմերին լիովին համապատասխան սրճարանների առաջացում։ Հավանաբար՝ սա միայն սկիզբն է ավելի խորը փոփոխությունների, որոնք սպասվում են Եգիպտոսին մոտ ապագայում»։

Մեկնաբանել