ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօր ՀՀ և ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին արված բանավեճի առաջարկին.
«Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությունները նախկինների ռեմիքս էին հիշեցնում:
Իհարկե, անհանգստացնող է այն փաստը, որ քարոզարշավը չմեկնարկած, ընդդիմադիր հիմնական թեկնածուներից մեկը սկսում է կրկնվել:
Հուսամ, դա ոչ թե ստղեծագործական մտքի և քաղաքական երևակայության պակասի հետևանք է, այլ ընդամենը չհաջողված քաղաքական հնարք:
Ռեմիքս անելով նախկինում մի քանի անգամ հնչեցրած “հատնի 15 կետերը”, ՀՀ Նախագահի տվյալ թեկնածուն համառորեն չի տեղեկացվում իր թիմակիցների կողմից, որ դրանց քանիցս անդրադարձել են ըստ ոլորտների պատասխանատու իշանության ներկայացուցիչները:
Միայն ես 3 անգամ, որից 2-ը ԱԺ-ում, առիթ եմ ունեցել խոսել կրթության ոլորտում ՐաֆՖի Հովհաննիսյանի առաջարկությունների , մեղմ ասած, հակաօրինական լինելու մասին (օրինակ` այստեղ`http://www.parliament.am/transcript.php?day=14&month=11&year=2012&lang=arm)
Ըստ իս, ՀՀ Նախագահի թեկնածուն, հարգելով ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը, չպետք է, իրեն վեր դասի գործող օրենսդրական դաշտից:
Կամ էլ, ժամանակին լինելով ԱԺ պատգամավոր, փորձեր աչքի ընկնել այսպես կոչված հավասար դաշտ ստղեծելուն միտված օրենսդրական նախաձեռնություններով:
Մի խոսքով, իհարկե Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ Նախագահի թեկնածու է, սակայն մինչև Սերժ Սարգսյանի հետ բանավեճի հասնելը, կարծում եմ, պետք է անցնի ՀՀԿ-ականների հետ հրապարակային բանավեճի թոհուբոհով, ինչը բխում է իր իսկ շահերից:
Ես պատրաստ եմ լինել իր սպարրինգ-գործընկերը»,- գրել է ՀՀ ԿԳ նախարարը: