Միջազգային հանրությունը ավելի շատ բիզնեսին է վստահում, քան իշխանություններին: Այսպիսի եզրակացություն է պարունակում ամերիկյան Edelman ընկերության Trust Barometer ուսումնասիրությունը: Ընդ որում՝ աշխարհում ամենաքիչը վստահում են բանկերին և ֆինանսական կառույցներին՝ ի տարբերություն տեխնոլոգիական ընկերությունների և ավտոարտադրողների, որոնց «վարկանիշը» շարունակում է բավական բարձր մնալ:
Ընկերության հարցման 31 հազ. մասնակիցների կեսի կարծիքով՝ բիզնեսը կշարունակի ճիշտ քաղաքականություն վարել: Իշխանությունների ճիշտ քաղաքականությանը հավատում է հարցման մասնակիցների 43%-ը: Հարցման մասնակիցների միայն 18%-ն է հավատում, որ բարդ իրադրությունում թոփ մենջերները կասեն ճշմարտությունը: Քաղաքական գործիչների դեպքում ցուցանիշը կազմել է ընդամենը 13%: Edelman-ի ղեկավար Ռիչարդ Էդելմանի կարծիքով՝ ներկայում աշխարհում լիդերության ճգնաժամ է: Բիզնեսի և իշխանության առանձին ներկայացուցիչների նկատմամբ ամբողջ աշխարհում առկա վստահության դեֆիցիտը, ըստ փորձագետների, պայմանավորված է բազմաթիվ սկանդալներով, որոնց մեջ նրանք ներքաշվել են 2012թ.:
Ուսումնասիրության համաձայն՝ մեծացել է հասարակական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչների նկատմամբ վստահության մակարդակը: Այսպես՝ վստահության մակարդակը վերջին 13 տարվա առավելագույն ցուցանիշն է արձանագրել ոչ կառավարական կազմակեպությունների (13%), բիզնեսի (58%) և ԶԼՄ-ների (57%) նկատմամբ:
Ուշագրավ է, որ տնտեսության միակ ոլորտը, որը չի կարողացել վերականգնել իր նկատմամբ վստահությունը ճգնաժամային՝ 2008թ. ի վեր, բանկայինն է: Ֆինանսական այս կառույցները չեն կարողացել ապահովել հարցման մասնակցածների վստահության 50%-ը: Բանկերի վարկանիշը նվազում է արդեն երրորդ տարին շարունակ: 2012թ. բանկերը բազմամիլիարդանոց տուգանքներ են վճարել միջբանկային LIBOR տոկոսադրույքի մանիպուլացման, փողերի լվացման և պատժամիջոցների խախտման համար: Հարցման մասնակիցները ամենից շատ վստահում են տեխնոլոգիական ոլորտին (77%) և ավտարտադրությանը (89%):