Ա.Աշոտյանը տարակուսելի է համարել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի մտորումները

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչի՝ իր պաշտոնական բլոգում կատարած գրառմանը: Աշոտյանը «տարակուսելի» է որակել օտարերկրյա դեսպանի բարձրաձայն մտորումները մեր երկրի ներքաղաքական զարգացումների շուրջ:

«Չերչիլի ականջը կանչի:

Զարմանքով ընթերցեցի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան տիկին Քեթրին Լիչի այսօրվա գրառումը իր բլոգում:

Հոռետեսը դժվարություն է տեսնում ամեն հնարավորության մեջ: Իսկ լավատեսը ամեն դժվարության մեջ տեսնում է հնարավորություն – կասեր մեծ անգլիացին:

Տրամաբանական եմ համարում, որ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները ուշիուշով հետևում են ՀՀ Նախագահական ընտրություններին:

Սակայն միաժամանակ զարմանք է հարուցում, որ այլ երկիր ներկայացնող դիվանագետը թեկուզ անձնական, բայց այնուամենայնիվ հրապարակային գնահատականներ է բարձրաձայնում մեկ այլ երկրում տեղի ունեցող ու դեռևս չավարտված գործընթացի մասին:

Հարգարժան տիկին դեսպանի գնահատականների և հարցադրումների մեջ տարակուսանք առաջացնող ձևակերպումները շատ են: Թվարկեմ մի քանիսը:

Ի՞նչ է նշանակում երեք ընդդիմադիր խմբակցություն ԱԺ-ից չեն մասնակցում ընտրություններին: Որքանով հայտնի է հայ հասարակությանը խորհրդարանում իրենց ընդդիմադիր հռչակած երեք ուժերից` ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՀԱԿ, ՀՅԴ, առաջինը մասնակցում է, երկրորդի շարքերից կա թեկնածու: Մաթեմատիկական այս հանելուկը կարելի է լուծել միայն այն դեպքում, եթե տիկին դեսպանը բարձրաձայնի, թե ո՞ւմ է ի նկատի ունեցել իր հաշվարկների մեջ:

Պակաս տարակուսելի չէ նաև չմասնակցելու հնարավոր պատճառների թվարկումը: Չե՞ն հավատում արդար ընտրություններին. այդ դեպքում ինչպե՞ս և ինչու՞ էին մասնակցում 2008-ի ընտրություններին, իսկ 2012-ին հայտնվում խորհրդարանում:

Ունեն ֆինանսական խնդիրնե՞ր. այդ դեպքում ինչ գումարներով էին մասնակցում նախորդ ընտրություններին և ո՞ւմ փողերն էին իրականում ծախսում:

Բիզնեսմեննե՞րն են վախեցել. այդ դեպքում ծանոթացեք խոշոր հարկատուների ցանկին:

Տասնամյակների ընթացքում կեղծիքներով ընտրություննե՞ր. այդ դեպքում վերընթերցեք, խնդրում եմ, միջազգային դիտորդների գնահատականները, օրինակ, 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Սակայն այս ամենը դետալներ են:

Հիմնական հարցադրումս մնում է անփոփոխ` տարակուսելի են օտարերկրյա դեսպանի բարձրաձայն մտորումները մեր երկրի ներքաղաքական զարգացումների շուրջ:

Հ.Գ. Առիթից օգտվելով՝ շնորհակալությունս եմ հայտնում Մեծ Բրիտանիայի դեսպանությանը իմ` Լոնդոն կատարվելիք այցին աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է ՀՀ ԿԳ նախարարը:

Հիշեցնենք, որ Քեթի Լիչն իր բլոգում հակիրճ ամփոփել է 2012թ-ին Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցությունը՝ թվելով մի շարք քաղաքական և մշակութային իրադարձություններ, և նշել, որ այս պահին հորիզոնում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն են, և գրառել խնդրահարույց կետերի՝ ընտրողների ցուցակների, հանրային ծառայողների ներգրավման, բողոքներին արդյունավետ արձագանքման վերաբերյալ իր կարծիքը:

Մեկնաբանել