Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի առաջին կեսին կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը. այս մասին նշեց «Հ1» հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ը: Որոշումն ընդունել է Հայաստանի հանրային հեռուստատեսության գեղարվեստական հանձնաժողովը:
Գոռ Սուջյանի համար այս առաջարկն անակնկալ է եղել, իր խոսքով՝ Եվրատեսիլում երկիրը ներկայացնելը իր համար պարզապես ցանկություն է եղել, և ոչ թե՝ երազանք:
Այն երգը, որը Եվրատեսիլի բեմում կկատարի մեր մասնակիցը, կընտրվի մարտի 2-ին «Հանրային հեռուստատեսության» ուղիղ եթերում: «Երգերի ընտրության լայն ընտրություն կունենանք, քանի որ կլինեն ոչ միայն հայաստանյան հեղինակների, այլև՝ արտերկրի երաժիշտների երգեր»,- ասաց «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Գոռ Սուջյանի համար կարևոր է, որ երգն իրեն հոգեհարազատ լինի, իր ոճում, քանի որ միայն այդ դեպքում կարող է այն լիարժեք ներկայացնել: Այս պահին էլ նա ունի եվրատեսիլյան չափանիշներին համապատասխան մի քանի երգ:
Հիշեցնենք, որ «Դորիանս» խումբը, որի մենակատարն է Սուջյանը, Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ի համար գրել էր This is our world երգը, սակայն որոշվեց, որ Հայաստանը չմասնակցի մրցույթին:
«Եվրատեսիլ 2009»-ին I can fly երգով Սուջյանը մասնակցել է Հայաստանի նախընտրական փուլին, ընդունվել ոգևորությամբ: