ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը վստահ է, որ ընտրություններում ստանալու է ընտրողների ձայների ճշգրիտ 81%-ը, «քանի որ 81-ը տիեզերական թիվ է». այս մասին նա կրկին նշեց «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում:
Սեդրակյանը պատրաստվում է քարոզարշավի մեկնել Հայաստանի գյուղեր ու քաղաքներ, սակայն անձնական շփումների չի ձգտում: Նա արդեն իսկ պայմանավորություններ ունի մարզային մի շարք լրատվամիջոցների հետ, և պատրաստվում է ներկայանալ հանրությանը ժամանակակից տեխնիկայի օգնությամբ: «Այդ առումով ես իմ էությամբ ժողովրդավար չեմ, ավելի ճիշտ՝ ամբոխավար չեմ: Եվ էպոսը ենթադրում է մի քիչ ավելի բարդ համակարգ, քան մի գյուղում մի քանի սառած տատիկ-պապիկների ծրագիր ներկայացնելն է»,- ասաց նա: Սեդրակյանը վստահ է, որ շատ ավելի հարմար է և գործուն հարցազրույցներ ու ասուլիսներ տալ, քան՝ այս եղանակին գնալ անձնական հանդիպումների:
Քաղաքական փորձ չունենալը, ըստ Սեդրակյանի, մեծ առավելություն է: «Իմ համար հայերն ասում են «քարանձավից՝ առաջնորդ» [ռուսական с коробля на бал ասույթի նմանությամբ]»,- նշեց նա:
Նախագահական ընտրությունների ծրագիրը «Սասնա ծռեր» էպոսի վրա հիմնելը, ըստ նրա, տրամաբանական է ու փորձված, քանի որ ինքը միշտ էլ ներքաղաքական, հասարակական իրադարձությունները բացատրել է էպոսային համեմատություններով: «Ես ոչ թե էպոսն ընդհանուր հայ ժողովրդի հետ եմ համեմատում, այլ՝ ստեղծված այս իրավիճակն եմ բացատրում էպոսով: Էպոսը սովորեցնում է դա անել»,- ասաց նա:
Սեդրակյանը նշեց, որ նախագահական ընտրություններին պատրաստվել է շատ վաղուց՝ դեռ 1988 թվականից: «Դեռ այդ ժամանակ ես իմ ընկերներին ասել եմ, որ դառնալու եմ երկրի չորրորդ նախագահը. ես կարող էի ավելի շուտ առաջադրվել, սակայն ինձ պետք էր, որ լիներ երրորդ նախագահ, որովհետև չորսն էլ խորհրդանշական թիվ է»,- ասաց նա:
Սեդրակյանն, իր խոսքով, հանգիստ է վերաբերում իր մասին հնչող քննադատություններին. «Ինձ արդեն համարել են Ռուսաստանի գործակալ, հետո իմ վարկանիշը, չգիտես ինչու, գցեցին՝ դարձրին Իրանի գործակալ: Քարոզարշավը, մի քիչ էլ շարունակվի, ինձ Մոսադի հետ էլ կկապեն»,- ասաց նա:
Իր մասին «բացահայտումները» կանխելու համար նա նշեց, որ եղել է Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի անդամ, իսկ Մարտի մեկից հետո զորակցել է ՀԱԿ-ին, «քանի որ այն ջախջախված վիճակում էր»: