Օտարի կողմից վարձակալվելու վտանգ

Վերջերս հայաստանյան լրատվամիջոցներով լայն տարածում ստացավ Իրանի քաղաքացիների կողմից Սյունիքի մարզի արոտավայրերի հնարավոր վարձակալության մասին լուրը: ՀՀ փոխվարչապետը հերքեց նման փաստաթղթի առկայությունը՝ միաժամանակ հաստատելով, որ վարձակալության առաջարկներ արտասահմանյան ընկերությունների կողմից եղել են: Իրանը նմանատիպ առաջարկներ տարբեր ժամանակներում նաև Արցախին է ներկայացրել:

Այսօրվա աշխարհում պարենի խնդիրն ավելի է լրջանում, թվաքանակի ու բարեկեցության աճ ունեցող երկրներն ավելի ու ավելի են սկսում պարեն օգտագործել, և ըստ այդմ առաջնային է դառնում պարենի արտադրության համար պիտանի ռեսուրսների օպտիմալ օգտագործումը: Մսամթերքի արտադրության ոլորտում Հայաստանի հնարավորությունները բավական մեծ են՝ հաշվի առնելով ԼՂՀ և ՀՀ անասնապահական ներուժը, ինչպես նաև հարևան շուկաները (Իրան, արաբական երկրներ և այլն):

Արցախում անասնապահության զարգացման հսկայական ներուժ է տեսել ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը, որին գյուղատնտեսության վիճակի մասին հետազոտություն պատվիրել էր Արցախի կառավարությունը: Ակադեմիկոսն իրավացիորեն գտնում է, որ անասնապահությունը պետք է դառնա Արցախի գյուղատնտեսության առաջատար ճյուղը, դրա համար մի շարք արժեքավոր առաջարկներ է ներկայացնում: Արցախում առկա հողային ֆոնդը հնարավորություն է տալիս նաև արժեքավոր անասնակեր արտադրել:

Ներկայիս խղճուկ արտադրանքը նույնիսկ հայաստանյան խոշոր անասնապահական ֆերմաներին չի բավարարում: Օրինակի համար ասենք, որ Քաշաթաղի շրջանի արտադրած եգիպտացորենը հայաստանյան խոշոր ընկերության անասնակերի մի քանի օրվա բաժինն է կազմում, և նույնիսկ այս դեպքում բերքի իրացման հարցը քննարկման առարկա է դառնում Արցախի կառավարությունում:

Արցախի կառավարությունը մի շարք քայլեր կատարել է հանրապետությունում անասնագլխաքանակի ավելացման ուղղությամբ, մասնավորապես անասնավարկի տրամադրման ձևով, սակայն դրանք մեծ արդյունավետություն չեն ունեցել: Կառավարության սխալ քաղաքականության այլ դրսևորումներ իրենց արտացոլումն են գտել նաև ակադեմիկոս Աղանբեկյանի հետազոտության մեջ:

Արդյո՞ք հայկական զույգ հանրապետություններն ի վիճակի կլինեն զարգացնել գյուղատնտեսության այս ճյուղը և մսամթերք մատակարարել տարածաշրջանի շուկաներին՝ հաշվի առնելով տարբեր տեսակի մսամթերքի պահանջարկն այդ շուկաներում: Արդյո՞ք հնարավոր է լրացուցիչ ներդրումներ ներգրավել անասնապահության ոլորտում:

Այս հարցերին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե ինչքանով կարող են ռիսկային լինել ցանկալի ներդրումները: Դժբախտաբար՝ բավականաչափ ռիսկային՝ հաշվի առնելով վաղ անցյալի մի շարք օրինակներ: Օրինակ՝ թե ինչպես Հայաստանում փորձ կատարվեց ձվի արտադրության կենտրոնացման, երբ ձվի գինը մի քանի անգամ իջեցնելով՝ արտադրողներից մեկը փորձեց ճնշում գործադրել մյուս արտադրողների վրա և կլանել նրանց ֆերմաները: Կամ թե ինչպես հսկայական վարկային միջոցներ ծախսվեցին Արցախում անասնագլխաքանակն ավելացնելու ուղղությամբ, իսկ այն գրեթե մնաց նույնը:

Այս օրինակները ցույց են տալիս, որ կառավարման նման համակարգում և իշխանությունների նման որակների դեպքում որևէ ոլորտի զարգացումը բացառվում է կամ հնարավոր է այնքանով, ինչքանով թույլ է տալիս ոլորտի տեր դարձած իշխանավորը, ինչը, ինքնին ենթադրում է անմրցունակություն և անարդյունավետություն: Նման դեպքերում օտարների կողմից հայրենի արոտավայրերի կամ ցանքատարածությունների վարձակալության առաջարկները ամբողջովին տրամաբանական են: Աշխարհում սննդամթերքի կարիք կա, իսկ առկա ներուժն ու ռեսուրսները չօգտագործելն ուղղակի անհեթեթ է թվում:

Մեկնաբանել