Ատամնաբույժներին միացել են գործակալները

Կառավարության և Ազգային ժողովում «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի ու հանրապետական Վարդան Այվազյանի՝ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, իսկ հետագայում՝ ԱԺ-ի կողմից դրանց ընդունումը դժգոհության լուրջ ալիք են բարձրացրել։ Օրենքի դրույթների դեմ բողոքող ատամնաբույժներին միացել են նաև անշարժ գույքի գործակալները։

Հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխություններով ու լրացումներով, ի թիվս այլ գործունեությունների, արտոնագրային վճարով հարկվող գործունեություն են համարվում ատամնաբուժական, ատամնատեխնիկական, ինչպես նաև անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունները: Համաձայն նոր օրենքի՝ ատամնաբույժների և ատամնատեխնիկների յուրաքանչյուր աշխատատեղի համար սահմանվում է ամսական արտոնագրային վճար՝ Դ80 հազ. (Երևանում) և 14 հազ. (մարզերում), իսկ անշարժ գույքի շուկայի գործակալների համար ամսական Դ60 հազ. (Երևանում) և Դ10-50 հազ. (մարզերում)՝ անկախ գործունեության արդյունքներից:

Հարկային բեռի ավելացման դեմ բողոքող անշարժ գույքի շուկայի մի քանի գործակալության ղեկավարներ երեկ ասուլիս էին հրավիրել։ Հաղորդագրություն էր տարածել նաև «Ռիելթորների և գնահատողների միությունը»։ Ոլորտի մասնակիցները գտնում են, որ այս օրենքն անընդունելի է, քանի որ հապճեպ է ընդունվել՝ առանց տնտեսավարող սուբյեկտների կարծիքը հաշվի առնելու։ «Օրենքում սահմանված դրույքաչափերն անիրատեսական են, որոնց կիրառման արդյունքում, հաշվի առնելով նաև անշարժ գույքի շուկայի ներկայիս անմխիթար վիճակը, ոլորտում գործող ընկերությունների մեծ մասի համար աննպատակահարմար է դառնում հետագա գործունեությունը»,– նշվում է հաղորդագրությունում։

Գործակալներն ահազանգում են, որ օրենքի կիրառման արդյունքում կարող են առաջանալ լրջագույն խնդիրներ, մասնավորապես՝ աշխատատեղերի կրճատում, ընկերությունների գործունեության դադարեցում, ոլորտում ստվերային հատվածի կտրուկ ավելացում, կոռուպցիոն ռիսկերի աճ։

Գործակալներն առաջարկում են «Արտոնագրային վճարների մասին» օրենքից հանել անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը և այն ներառել «Շրջանառության հարկի մասին» օրենքով նախատեսվող հարկման դաշտում։

Թեև ատամնաբուժական կլինիկաների աշխատակիցները և ատամնատեխնիկները հարկային բեռի բարձրացման դեմ բողոքում են հունվարի 14-ից, առ այսօր նրանց խնդիրներին պաշտոնական արձագանք կամ պարզաբանում չի տրվել։ Իհարկե, օրեր առաջ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանդիպել է ոլորտի ներկայացուցիչներին և տեղեկացրել, որ նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետները մանրամասն վերլուծություններով և կոնկրետ առաջարկներով պաշտոնական փաստաթուղթ են պատրաստել, որը նախարարի ստորագրությամբ ուղարկվել է ֆինանսների նախարարին։

Նախարարությունն առաջարկում է արտոնագրային վճարի ելակետային տվյալ չդիտարկել ստոմատոլոգիական պոլիկլինիկաների և կենտրոնների ռենտգենաբանական բազկաթոռ(ներ)ը, ատամնատեխնիկական լաբորատորիաների աշխատատեղերը, մանկական ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար նախատեսված բազկաթոռ(ներ)ը, հանրապետության բժշկական ուսումնական հաստատությունների համար ուսումնական բազա հանդիսացող ստոմատոլոգիական կենտրոններում ուսումնական պրոցեսի համար առանձնացված ստոմատոլոգիական բազկաթոռները, ինչպես նաև առաջնային զննման կաբինետի բազկաթոռը: Առանձին իրավաբանական անձ հանդիսացող մասնագիտացված ատամնատեխնիկական լաբորատորիաների մասով առաջարկվում է արտոնագրային վճարի ելակետային տվյալ դիտարկել հրամանագրված ատամնատեխնիկին։

Հաշվի առնելով նախընտրական շրջանը՝ կառավարությունն ամենայն հավանականությամբ կգնա որոշ զիջումների։

Մեկնաբանել