Նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում պարբերաբար ուշադրության կենտրոնում է հայտնվում Սերժ Սարգսյանին սատարող «Օրինաց երկիր» կուսակցությունն ու նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Երեկ հայտնի դարձավ, որ նախկին հանրապետական, Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը համալրել է ՕԵԿ-ի շարքերը: Թե ինչ մոտիվացիայով է նախկին ՀՀԿ-ականը համալրել կասկածելի հեղինակություն ունեցող այդ կուսակցության շարքերը, պաշտոնական որևէ բացատրություն չկա: Սակայն միանշանակ է, որ իշխանության տիրույթում գործող քիչ թե շատ հեղինակավոր գործիչները պատահական չեն ունենում, բայց ունենում են կոնկրետ շահադիտական նպատակներ:
ՕԵԿ-ի հետ հեռանկարային շահադիտական նախագծերը ներկայում կարծես անիրատեսական են թվում, սակայն եթե հաշվի առնենք ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի քաղաքական ամբիցիաները, ապա որոշ հարցերի պատասխաններ կարելի է հասկանալ:
Նախագահական անթաքույց ամբիցիաներ ունեցող Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի «մեկնած ձեռքը անկեղծորեն սեղմելու» պատճառով այս ընթացքում ստիպված զսպում է իր ամբիցիաները և բավարարվում ԱԽՔ-ի պաշտոնով: Սակայն 2018թ. Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի գործոն այլևս չի լինելու, ինչը Արթուր Բաղդասարյանին հնարավորություն կտա տուրք տալ նախագահ դառնալու իր ամբիցիաներին:
Իսկ մինչ այդ Արթուր Բաղդասարյանը իշխանական կերակրատաշտի մոտ գտնվելու հանգամանքը օգտագործում է ֆինանսապես հզորանալու համար, ինչը նրան շատ պետք կլինի նախագահական ընտրությունների ժամանակ:
Վերջին շրջանում ՕԵԿ առաջնորդը նաև պարբերաբար խոսում է կուսակցության հզորացման և հասարակության մեջ ՕԵԿ-ի հեղինակության բարձրացման մասին: Անհասկանալի է, թե ինչ գործոնների շնորհիվ է այդ կուսակցությունը հզորանում, քանի որ 2008թ. մարտի 1-ից հետո որևէ կերպ հասարակության տրամադրվածությունը այդ կուսակցության նկատմամբ չի փոխվել:
Հատկանշական է, որ մայիսյան խորհրդարանական ընտրություններին, երբ «200 հազար անդամ ունեցող» կուսակցությունը հավաքեց մի քանի անգամ քիչ ձայն, հեռացվեց ոչ թե կուսակցության նախագահը, այլ կուսակցության մնացած հազարավոր անդամները:
Այնպես որ՝ հիմա ՕԵԿ-ը համալրելով անհրաժեշտ մարդկանցով և անշեղորեն բարելավելով իր ֆինանսական դրությունը՝ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է հայտ ներկայացնել 2018թ. նախագահական ընտրություններին:
Ինչ խոսք, շատերը կառարկեն, որ Հայաստանում վարկանիշը էական չէ նախագահի պաշտոնին հավակնելու համար, հատկապես եթե կան համապատասխան ֆինանսական միջոցներ՝ գումարած անսահման պոպուլիզմ: