Երևանի կենդանաբանական այգում առյուծների հետ կապված միջադեպը տեղի է ունեցել տարածքի համար վեճի պատճառով: Այս մասին ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու Գիշատիչների բաժնի վարիչ Յունոնա Խանզադյանը` մեկնաբանելով երիտասարդ էգ առյուծների կողմից միջին տարիքի առյուծին խեղդամահ անելու դեպքը:
Յունոնա Խանզադյանի խոսքով` առյուծի անկումը ոչ մի դեպքում կենդանիների սոված լինելու հետևանք չէ: Նա նշեց, որ վաղ առավոտյան միջին տարիքի էգ առյուծը կոտրել է ճաղավանդակը և անցել հարևան վանդակ, որտեղ բնակվում են երկու ավելի երիտասարդ էգ առյուծ: Վերջիններս տարածքային վեճի պատճառով խեղդամահ են արել միջին տարիքի առյուծին, սակայն չեն փորձել հոշոտել:
Նա հավելեց, որ կենդանիները ստանում են իրենց սննդի ամենօրյա չափաբաժինը, որը համապատասխանում է միջագային ստանդարտներին: