Քեմերոնը Բրիտանիայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե է խոստանում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը միասնական Եվրոպայի բարեփոխման կոչ է արել և խոստացել է իրականացնել իր երկրի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե, եթե իշխող պահպանողականները հաղթեն 2015թ․ խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է Euronews-ը։

Իր՝ Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի հարաբերություններին նվիրված ծրագրային ելույթում Քեմերոնը նշել է, որ Եվրամիությունը կանգնած է երեք գլխավոր մարտահրավերի առջև՝ եվրոգոտու պարտքային ճգնաժամ, մրցունակության անկում և հասարակության աջակցության նվազում։ Եթե այս խնդիրները լուծել չհաջողվի, Լոնդոնը կարող է սկսել միավորումից դուրս գալու գործընթաց։

«Այսօր հասարակության հիասթափությունը Եվրամիությունից խորն է, ինչպես երբևէ։ Եվ դրա պատճառները մի քանիսն են։ Մարդիկ զգում են, որ ԵՄ-ն շարժվում է մի ուղղությամբ, որն իրենք չեն ընտրել։ Նրանց վրդովվեցնում է միջամտությունը մեր երկրի կյանքին, իրենց կարծիքով, ոչ անհրաժեշտ կանոններով ու սահմանափակումներով։ Ուստի նրանք հարց են տալիս՝ ինչի՞ համար է այս ամենը պետք։ Հենց այս պատճառով էլ ես հանրաքվեի անցկացման կողմնակից եմ։ Ես կարծում եմ, որ հարկ է դիմակայել այս խնդրին՝ նախանշել այն, իրականացնել բանավեճեր, այլ ոչ թե զուր մտածել, որ բարդ իրադրությունը ինքն իրեն կլուծվի»,- ասել է նա։

Քեմերոնը հայտարարել է, որ վերընտրման դեպքում ծրագրում է բանակցություններ իրականացնել Եվրամիության հետ և վերանայել նրանում Մեծ Բրիտանիայի անդամակցության պայմանները։ Որից հետո (հավանաբար՝ 2017թ․) կառավարությունը կանցկացնի հանրաքվե։

Մեկնաբանել