Կանցնեն, անց կկենան

Հայկական ատոմակայանի միջուկային նոր էներգաբլոկի ու Թավրիզ-Երասխ նավթամթերքատար խողովակաշարի նախագծերը անցած տարի դուրս են մնացել էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ուշադրությունից։ Գերատեսչությունն իր տարեկան հաշվետվությունում ոչ միայն չի հիշել այս ծրագրերը, այլև «մոռացել» է նշել «Երևանի ջէկում» ջուր-ածխային վառելիքի հենքով էլեկտրաէներգիայի արտադրության՝ գերակա հայտարարված նախագծի մասին։

Անցած տարի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործունեությունը բավական համեստ է եղել, ինչի մասին վկայում է նախարարության 2012թ. գործունեության տարեկան սեղմված հաշվետվությունը։ Փաստաթղթից երևում է, որ անցած տարի խոշոր էներգետիկ ենթակառուցվածքային ծրագրերը մղվել են հետին պլան և մատնվել մոռացության։

Հաշվետվությունում նշվում է միայն, որ նոյեմբերին մեկնարկել է Մեղրիի հէկի շինարարությունը։ Սա այն դեպքում, երբ Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու բանակցություններն ընթանում են դեռ 2007-ից, իսկ նախարարության 2011թ. տարեկան հաշվետվությունում ամրագրված է. «2010թ. հոկտեմբերի 15-ին կառավարության և իրանական «Թավան Աբ Արազ Քոմփանի» ընկերության միջև կնքված Մեղրիի հէկի կառուցման թույլտվության պայմանագրի՝ Մեղրիի հէկի շինարարությունը սկսել ոչ ուշ, քան 2012թ. հունիսի 15-ը»։

2012թ. հաշվետվությունում նշվում է, որ ավարտվել են Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի նախագծային աշխատանքները: «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից էլեկտրահաղորդման գծի նախագծի վերաբերյալ տրվել է բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն՝ պայմանով, որ ամբողջովին փոխհատուցվի օդային գծի կառուցման ժամանակ անտառային տնտեսությանը պատճառված վնասը»,– ասվում է փաստաթղթի մեջ:

Ըստ նախարարության՝ հոկտեմբերին 4-ին «Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ընկերության կողմից տրվել է 400/220 կՎ «Նորավան» ենթակայանի նախագծի վերաբերյալ տեխնիկական դրական փորձաքննական եզրակացություն:
Ուշագրավ է, որ հաջորդ իսկ նախադասությամբ նշվում է, որ ծրագրի մեկնարկը տրվել է օգոստոսի 12-ին (նախատեսվում է ավարտել 18 ամսում)։ Ստացվում է, որ նախագիծը կա՛մ սկսվել է առանց փորձաքննական եզրակացության, կա՛մ նախարարությունը շփոթել է մեկնարկի ժամկետները։

Նախարարության 2011թ. հաշվետվությունում նշվում էր, որ Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի շինարարության և «Նորավան» 400/220 կՎ ենթակայանի նախագծային աշխատանքների իրականացման համար ծրագրի կապալառուի կողմից Հայաստան է ներմուծվել աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նյութերի և մեքենամեխանիզմների առաջին խմբաքանակը: Առանձին տեղամասերում սկսվել են հողային աշխատանքները:

Այս ծրագրի մասին խոսվում էր նաև նախարարության 2010թ. գործունեության հաշվետվությունում. «2010թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի» շինարարության հիմնարկեքի արարողությունը: Շարունակվում են «Նորավան» 400/220 կՎ ենթակայանի նախագծային աշխատանքները»:

Հաշվետվությունների ժամանակագրությունից ստացվում է, որ սկզբից կատարվել է «Իրան-Հայաստան» 400 կՎ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի շինարարության հիմնարկեքը, ապա միայն սկսվել նախագծային աշխատանքները և ստացվել բնապահպանական փորձաքննական եզրակացությունը։ Գործընթացը, ըստ էության, հակառակ տրամաբանություն էր ենթադրում։

Թեև 2012թ. նախարարության գերակա խնդիրների թվում ներառված էր «Երևանի ջէկի» հին հզորությունների վերազինման ծրագիրը, որը ենթադրում է էներգաբլոկների վերազինում ու շահագործում ջուր-ածխային վառելիքի հենքի վրա՝ էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով, ածխից էլեկտրաէներգիա այդպես էլ չի արտադրվում։ Ավելին՝ նախարարությունն իր հաշվետվությունում չի էլ հիշատակում այս նախագիծը։

Մեկնաբանել