Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հունվարի 23-ին ընդունել է ճանաչողական այցով ԼՂՀ ժամանած ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի ուսանողներին և դասախոսներին:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատմությանը, ընթացիկ փուլին, հակամարտության կարգավորման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցերի:
Կարեն Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից պարտադրված անհավասար պատերազմում Արցախի ժողովուրդը կարողացել է ոչ միայն պաշտպանել իր հայրենիքը և հաղթել պատերազմը, այլև կերտել անկախ պետականություն` հիմնված ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների հարգման սկզբունքների վրա:
«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Լեռնային Ղարաբաղը հանդես է գալիս հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, և Արցախի` որպես լիիրավ կողմ բանակցային սեղանի շուրջ վերադարձի օգտին»,-ասել է Կ. Միրզոյանը:
«Ղարաբաղյան խնդրի կարգավորման առանցքը հանդիսանում է Ղարաղաղի ժողովրդի ազատ կամքի ընդունումը: Մենք հավատում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է անպայման հաշվի առնվի»,- հավելել է ԼՂՀ ԱԳ նախարարը:
Նախարարն ընգծել է, որ միայն ադրբեջանական կողմից առկա իրողությունների ճանաչումը, ատելության քարոզչությունից և միլիտարիստական տրամադրություններից հրաժարումը, ինչպես նաև ռազմական ծախսերի ավելացման դադարեցումը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանում հակամարտության կարգավորման, խաղաղության և կայունության հաստատման համար: