Ամերիկյան Apple ընկերության` ֆայլերի պահպանման համար նախատեսված iCloud «ամպային» ծառայության օգտատերերի թիվն անցել է 250 մլն-ից: Այս մասին հաղորդել է ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը` ներկայացնելով ընթացիկ ֆինտարվա 1-ին եռամսյակի արդյունքները:
2012թ. հոկտեմբերից ի վեր iCloud-ը ներգրավել է շուրջ 60 մլն նոր օգտատիրոջ:
Հիշեցնենք, որ «ամպային» ծառայությունը թողարկվել է 2011թ. հոկտեմբերին` iOS 5 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակի թողարկմանը զուգահեռ: Ծառայության օգտատերերն ունեն 5 Գբ անվճար տարածությունից օգտվելու հնարավորություն, սակայն հավելյալ վճարի դեպքում կարող են ավելացնել այն:
Համեմատության համար նշենք, որ Dropbox «ամպային» ծառայությունը 2012թ. նոյեմբերի դրությամբ ուներ շուրջ 100 մլն օգտատեր:
Հատկանշական է, որ Apple-ի օնլայն մյուս ծառայությունները ևս շարունակում են ակտիվ աճ գրանցել: Կուկի խոսքով` iTunes Store ինտերնետ խանութի հասույթը հաշվետու ժամանակահատվածում գերազանցել է նախորդ եռամսյակի ցուցանիշը $2,1 մլրդ-ով:
Ավելի վաղ Apple-ը հաղորդել էր, որ App Store օնլայն խանութից բեռնվել է iOS-ի շուրջ 40 մլն օրինակ, իսկ ծրագրային մշակման մասնագետները 2008-ից ի վեր Apple-ի միջոցով վաստակել են $7մլրդ: