Intel-ը հրաժարվում է մայր պլատաների արտադրությունից

Ամերիկյան Intel տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ առաջիկա երեք տարում մտադիր է փակել անհատական համակարգիչների համար մայր պլատաների թողարկմամբ զբաղվող ստորաբաժանումը, հաղորդում է Mashable-ը:

Intel բրենդով այս սարքավորումների վերջին թողարկումները նախագծված կլինեն չորրորդ սերնդի Core պրոցեսորների համար և կկրեն Haswell կոդային անվանումը: Դրանք շուկայում կհայտնվեն հունիսին:

Intel-ը շուրջ 20 տարի է` իր հաճախորդներին է ներկայացնում անհատական համակարգիչների համար նախատեսված մայր պլատաներ: Սակայն վերջիններիս պահանջարկը ներկայում բավական նվազել է: Բացի այդ` ամերիկյան ընկերության համար մրցակցային բարդ պայմաններ են ստեղծում ասիական արտադրողները` ավելի մատչելի և գործառույթների տեսանկյունից հզոր պլատաների թողարկմամբ:

Intel-ում նշում են, որ մայր պլատաների նախագծմամբ զբաղվող մասնագետները կսկեն աշխատել ընկերության ավելի հեռանկարային ծրագրերի վրա, մասնավորապես` Next Unit of Computing (NUC) համակարգիչների ստեղծման հայեցակարգի զարգացման ուղղությամբ:

Հավելենք, որ Intel-ը մտադիր է շարունակել աշխատանքներն անհատական համակարգիչների պրոցեսորների թողարկման ուղղությամբ:

Մեկնաբանել