2012թ. 4-րդ եռամսյակում Իսպանիայում գործազրկության մակարդակը կազմել է ռեկորդային 26,02%, որը 1976թ. ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: 3-րդ եռամսյակում գործազրկությունն այս երկրում կազմել է 25,01%:
Ըստ Իսպանիայի Վիճակագրության ազգային ծառայության տվյալների՝ գործազուրկների թիվը Իսպանիայում հասել է 6 մլն-ի, որը համընկել է Bloomberg-ի հարցմանը մասնակցած տնտեսագետների միջին կանխատեսումներին: Այսպիսով՝ եվրոգոտու գործազուրկների մեկ երրորդն Իսպանիայում է:
Փորձագետների կանխատեսմամբ՝ Եվրոպայի մեծությամբ վեցերորդ տնտեսությունում անկումը կշարունակվի վեցերորդ տարին շարունակ: Capital Economics-ի տնտեսագետների կարծիքով՝ Իսպանիայի կառավարության՝ 2013-ի համար տնտեսական 0,5% անկման կանխատեսումը չափազանց լավատեսական է: Ակնկալվում է, որ անկումը կկազմի մինչև 2,5%՝ հաշվի առնելով վերջին եռմասյակներում աշխատաշուկայում արձանագրվող և պահպանվող չափազանց վատ իրադրությունը:
Արժույթի միջազգային հիմնադրամը հունվարի 23-ին հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» զեկույցում Իսպանիայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նվազեցրել է 0,1 տոկոսային կետով՝ մինչև 1,4%՝ 2012թ. հոկտեմբերի 1,5% կանխատեսման համեմատ:
Իսպանիայի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ 2012թ. 4-րդ եռամսյակում երկրում ռեցեսիան խորացել է՝ պայմանավորված Մարիանո Ռախոյի կառավարության՝ բյուջետային խիստ խնայողության միջոցառումներով: Իսպանիայի կենտրոնական կառավարությունը և ռեգիոնները սկսել են խիստ խնայողությունների հինգերորդ փաթեթի իրականցումը, որով նախատեսվում է վաճառքների հարկերի բարձրացում, ինչպես նաև գործազրկության նպաստների, բյուջետային աշխատողների և աշխատավարձերի կրճատում: