Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը

Երուսաղեմի 97-րդ Հայոց պատրիարք է ընտրվել պատրիարքարանի լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:

Եկեղեցու հարցերով փորձագետ, միջազգային իրավունքի մասնագետ Հարի Հակոբյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ ներկայում պատրիարքարանը Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նման հզոր մարդու և առաջնորդի կարիք ունի:

Փորձագետի խոսքով` նորընտիր պատրիարքը «կայունության սյուն» է եղել պատրիարքարանի համար բարդ ժամանակներում: Հակոբյանը նշեց, որ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը կողմ է նաև Սփյուռքի հետ Երուսաղեմի ավանդական կապերի ամրապնդմանը:

Պատրիարքի կենսագրությունը ներկայացված է ստորև:

Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը (ավազանի անունը` Պողոս) ծնվել է 1948թ. հուլիսի 22-ին Հալեպում: Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Հայկազյան վարժարանում:

1961թ. ընդունվել է Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը:

1966 թ. ընդունվել է Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց ժառանգավորաց վարժարանը:

1968 թ. հուլիսի 27-ին ձեռնադրվել է սարկավագ:

1971թ. հունիսի 15-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Եղիշե պատրիարք Տերտերյանի` վերակոչվելով Նուրհան աբեղա:

1971-1972թթ. ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչն էր: 1975 թ. նույն վարժարանի տեսուչն էր:

1972-1973 թթ. նշանակվել է Շվեյցարիայի (Ժնև) հայոց թեմի հոգևոր հովիվ:

1973-ին ստացել է վարդապետական աստիճան:

1974-1980 թթ. Իսրայելի (Հայֆա-Յաֆա) հոգևոր հովիվն էր:

1980թ. Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով մեկնել է Նյու Յորք, ուսանել եպիսկոպոսական Ընդհանուր աստվածաբանական ճեմարանում և ավարտել եռամյա դասընթացը:

1994թ. եղել է Հյուսթընի (Թեքսաս նահանգ) Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ:
1998թ. Հայր Նուրհանն ընտրվել է Երուսաղեմի Ս. Աթոռի լուսարարապետ:

1999թ. դեկտեմբերի 14-ին ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս:

2009թ. Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը գերաշնորհ Տեր Նուրհան արքեպիսկոպոսին նշանակեց պատրիարքական փոխանորդ:

Հիշեցնենք, որ Երուսաղեմի պատրիարքի աթոռը թափուր էր մնացել Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի (1990-2012) վախճանից հետո:

Մեկնաբանել