Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Գործարար կառավարման և տնտեսագիտության ֆակուլտետում 2013թ. հունիսից կտրվի տնտեսագիտության մագիստրոսի կոչում շնորհող նոր ծրագրի մեկնարկը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին ՀԱՀ-ի փոխնախագահներ Գևորգ Գոյունյանն ու Աշոտ Ղազարյանը:
Փոխնախագահների խոսքով` ծրագրի նախաձեռնությունը Կենտրոնական բանկինն է:
«Սա այն դեպքն է, երբ համալսարանն արձագանքել է պետության կողմից նախապատվություն տրվող մասնագիտություններին: Կենտրոնական բանկը` ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ միասին, կարիք ունի լավ մասնագետների»,- ասաց Աշոտ Ղազարյանը՝ հավելելով, որ Հայաստանում անգլերենին գերազանց տիրապետող և միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ունեցող մասնագետների բաց կա, ինչն էլ կփորձի լրացնել այս ծրագիրը:
Մագիստրոսական նոր ծրագիրը կդասավանդվի անգլերենով: Դասընթացների մի մասը կանցկացվի «Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում», կհրավիրվեն նաև արտասահմանցի հայտնի տնտեսագետներ:
Փոխնախագահ Գևորգ Գոյունյանն ասաց, որ ծրագիրը շեշտը դնելու է քանակական և վերլուծական մաթեմատիկայի, մաթեմատիկական մոդելավորման և կանխատեսումների վրա:
Համալսարանի փոխնախագահը տեղեկացրեց նաև, որ ուսանողները հնարավորություն կունենան իրականացնել հետազոտական աշխատանքեր, տպագրվել միջազգային մասնագիտական ամսագրերում, իսկ դասընթացի ավարտից հետո` աշխատել բանկային համակարգում:
Գոյունյանի խոսքով` ընդունելությունը կլինի խիստ մրցակցային:
Մագիստրոսական կուրսի տևողությունը 15 ամիս է: ՀՀ քաղաքացիների համար ուսման վարձը կկազմի 1,8 մլն դրամ, արտասահմանցիների համար` 3,3 մլն դրամ: Նշենք, որ համալսարանում ուսանողների համար գործում են ֆինանսական օժանդակության ծրագրեր:
Նվարդ Հովհաննիսյան