Անհնազանդության պատճառով ֆիզիկական ուժ է գործադրվել․ ՔԿՀ-ից պարզաբանում են

Քրեակատարողական ծառայությունը պարզաբանել է, թե ինչու են այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ծեծի ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։ Այս ամենը կանխելու համար ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ։

«Տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։

Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի և այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ: Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն»,- ասված է հայտարարության մեջ։

Ծառայությունից վստահեցնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օրենքով սահմանված կարգով բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։

«Կատարված գործողություններից հետո երկու դատապարտյալ հայտարարել է հնարավոր կոտրվածքների մասին, սակայն հիմնարկի բուժանձնակազմի կողմից իրականացված ռենտգեն հետազոտության արդյունքում վերջիններիս մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել»,- ասված է հայտարարության մեջ։

Այսօր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ապրիլի 3-ին ահազանգել է, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի է ունենում բռնության ալիք ցմահ դատապարտյալների նկատմամբ։

«Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից հայտնում են, որ 5-րդ հարկում ջարդ է։ Բոլոր ցմահ դատապարտյալներին ծեծի են ենթարկել։ Արյունլվա ընկած են, իսկ որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հարցնում էին՝ ինչի համար, ի՞նչ ենք արել։ Սա ի՞նչ ջարդ է։ Ո՞ւմ հրահանգով են ջարդում այդ մարդկանց», – գրել է իրավապաշտպանը։


Մեկնաբանել