Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Հայաստանյան մի շարք լրատվական կայքեր, այդ թվում Mediahub.am-ը և Auroranews.am-ը, ապրիլի 2-ին հղում անելով բելառուսական NEXTA լրատվամիջոցին, տարածել են տեղեկություն, թե իբր ԱՄՆ-ի սահմանի մոտ ավելի քան 200 կանանց դիերի մասունքներ են հայտնաբերվել։ Կանայք ենթադրաբար փորձել են հատել սահմանը։
«Ենթադրվում է, որ կին միգրանտները փորձել են հատել սահմանը ծայրահեղ շոգի պայմաններում և առանց ջրի», – նշված է հրապարակումներում: Իրականում միգրանտների մարմինների հայտնաբերումը ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի տարբեր հատվածներում պարբերական երևույթ է, սակայն 200 կանանց դիերի մասունքների հայտնաբերման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Ի՞նչ է հայտնել լուրի սկզբնաղբյուրը
Հայաստանյան կայքերի հրապարակումներում բացակայում են էական մանրամասները՝ չի նշվում, թե կոնկրետ որտեղ և երբ են հայտնաբերվել ենթադրյալ մասունքները։ Հայաստանյան լրատվամիջոցները պարզապես արտատպել են բելառուսական NEXTA-ի նյութը՝ առանց վերստուգման։
NEXTA-ն իր հերթին նշել է, որ մարմինները հայնտաբերվել են Նյու Մեքսիկոյում, մեջբերելով «Որոնողափրկարարական գումարտակ» (Battalion search and resque) կամավորական խմբի ղեկավար Ջեյմս Հոլմանի խոսքերը։
«Ավելի քան 100 մարմին անապատի փոքր հատվածում՝ երկու տարուց պակաս ժամանակահատվածում»,- NEXTA-ի փոխանցմամբ հայտնել է Հոլմանը։
🇺🇸 Desert of the disappeared — over 200 women found near U.S. border
— NEXTA (@nexta_tv) April 1, 2025
Volunteers in New Mexico uncovered remains of more than 200 women, believed to be migrants lost on their way to the U.S.
“This is the result,” said search leader James Holman. “Over 100 bodies in a small… pic.twitter.com/CtBlNj3tTW
Ջեյմս Հոլմանը, սակայն, չի խոսել Նյու Մեքսիկոյում 200 կանանց դիերի մասունքների հայտնաբերման մասին։ Ըստ Reuters-ի՝ Հոլմանի խումբը վերջին երկու տարիների ընթացքում 100-ից ավելի կնոջ մարմին է հայտնաբերել տարբեր վայրերում։
Միգրանտների մահվան դեպքերը հիմնականում գրանցվում են ԱՄՆ-ի հարավային նահանգներում՝ Արիզոնայում, Նյու Մեքսիկոյում և Տեխասում։ Դրանք այն հիմնական տարածքներն են, որտեղ միգրանտները փորձում են հատել սահմանը:
ԱՄՆ սահմանային և մաքսային պաշտպանության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022-ին ԱՄՆ-Մեքսիկա սահմանին մահացել է 895 ենթադրյալ միգրանտ, 2023-ին՝ 704, իսկ 2024-ին՝ 560։ Մահվան պատճառները բազմազան են՝ սկսած ծայրահեղ եղանակային պայմաններից (շոգ, ցուրտ, ջրազրկում) մինչև տարբեր հիվանդություններ և դժբախտ պատահարներ։
2025-ի համապարփակ վիճակագրական տվյալները դեռևս հասանելի չեն, սակայն 2024-ի առաջին ութ ամիսներին միայն Նյու Մեքսիկո նահանգի սահմանամերձ տարածքներում հայտնաբերվել է 108 ենթադրյալ միգրանտի մարմին։
Այսպիսով, թեև ԱՄՆ-Մեքսիկա սահմանին միգրանտների մահվան դեպքերը լուրջ և շարունակական խնդիր են, վերջերս Նյու Մեքսիկոյում 200 կնոջ մասունքների հայտնաբերման մասին տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը։