Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ՝ Alphanews.am, Armtimes.com, Irakanum.am, Lurer.com, PastInfo.am և այլն, ապրիլի 2-ի երեկոյան տարածեցին տեղեկություն Իրանի օդային տարածքի փակման մասին:
Լրատվամիջոցների հրապարակումներում նշվում է, որ «ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո Իրանը փակել է իր օդային տարածքն ու զորքերը բերել թիվ մեկ մարտական պատրաստության»՝ որպես աղբյուր նշելով իրանական Mehr լրատվական գործակալությունը:
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Ապատեղեկատվություն. Իրանը չի փակել իր օդային տարածքը
Իրանական Mehr գործակալության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի հաշիվներում նման հաղորդագրություն չկա: Գործակալության ոչ պարսկերեն, ոչ էլ անգլերեն բաժիններում չի հրապարակվել որևէ տեղեկություն Իրանի օդային տարածքի փակման մասին:
Ավիացիոն անվտանգության FAA NOTAM համակարգում, որը պարունակում է օդային տարածքի սահմանափակումների վերաբերյալ պաշտոնական ծանուցումներ, նույնպես այդպիսի հաղորդագրություն չի գրանցվել:

Հարթակում առկա է միայն հաղորդագրություն Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի (OIIE) ժամանակավոր փակման մասին՝ կապված 2025-ին ապրիլի 18-ին զինվորական վարժանքների հետ: Իրանի այլ օդանավակայանների կամ օդային տարածքի փակման մասին հաղորդագրություններ առկա չեն:
Օդային երթևեկության վիճակը հակասում է տարածված լուրին: Flightradar24 հարթակի տվյալները ցույց են տալիս, որ ապրիլի 2-ին և 3-ին քաղաքացիական հարյուրավոր ինքնաթիռներ շարունակել են թռիչքներն Իրանի օդային տարածքով: Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան և Մեհրաբադի միջազգային օդանավակայանների չվացուցակները ևս փաստում են, որ չվերթների չեղարկումներ չեն եղել:

Ապատեղեկատվության աղբյուրը
Ապատեղակտվության հետքերը տանում են դեպի սոցիալական ցանցեր: Կասկածելի լուրն առաջին անգամ հայտնվել է X հարթակի ուկրաինական օգտահաշիվներից մեկում, որտեղ անհիմն կերպով հղում էր արվում իրանական Mehr գործակալությանը:
Այնուհետև ապատեղեկատվությունը տարածվեց ռուսական լրատվամիջոցներում, որից հետո միայն հայտնվեց հայկական մեդիադաշտում: Որոշ լրատվամիջոցներ հետագայում հեռացրին այն իրենց կայքերից:

Այսպիսով լրատվամիջոցները տարածել են տեղեկությունը՝ առանց ստուգելու դրա իսկությունը որպես սկզբնաղբյուր նշվող կայքում: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ տարածաշրջանում լարվածության պայմաններում տարածվում են նմանատիպ կեղծ լուրեր:
Տես՝ «Իրանը չի ծրագրում փակել իր ցամաքային սահմանները հարևանների հետ»
Այսպիսով, տեղեկությունն այն մասին, թե «ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո Իրանը փակել է իր օդային տարածքն ու զորքերը բերել թիվ մեկ մարտական պատրաստության», սխալ է: