Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի․ Արցախի տեղեկատվական շտաբ

ԱԳՆ հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է: Այս մասին հայտարարել է Արցախի տեղեկատվական շտաբն՝ ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարության ապրիլի 5-ի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։

«Արցախի Հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը: Հետևաբար, ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը: Այդ լիազորության իրավատերը Արցախի ժողովուրդն է, և այն անբաժանելի է նրանից:

Արցախի Հանրապետության՝ այսպես կոչված լուծարման հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ստեղծված ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը միայնակ մնալով հակառակորդի՝ տասնյակ անգամներ գերազանցող զինված ուժերի դեմ, երբ Ադրբեջանի գրոհային ստորաբաժանումները ներխուժում էին Ստեփանակերտ, շրջկենտրոններ և այլ բնակավայրեր, երբ բոլոր միջպետական ճանապարհները վերահսկվում էին նրանց կողմից, իսկ պաշտպանության բանակի մեծ մասը հայտնվել էր շրջափակման մեջ, և կար զինծառայողների ու Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացման ուղիղ սպառնալիք, ինչպես նաև Ադրբեջանի կողմից արգելափակված ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհի բացման խիստ անհրաժեշտություն՝ Արցախի ժողովրդի անվտանգ դուրս բերումն ապահովելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։

Արցախի տեղեկատվական շտաբից պարզաբանում են, որ հիշատակվող այդ թուղթը չէր կարող կոչվել փաստաթուղթ, քանի որ այն հակասահմանադրական էր, հակասում էր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքին։
Շտաբից հավելում են, որ Երևան տեղափոխվելուց օրեր անց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որի չհրապարակումը ևս պայմանավորված էր մի շարք հանգամանքներով:
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որևէ իրավական խոչընդոտ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգ բերել Արցախի և նրա տեղահանված բնիկ ժողովրդի հարցը:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ պատրաստ են ՀՀ կառավարությանը տրամադրել բոլոր հիմնավոր փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հրապարակել:

Ապրիլի 5-ին «Ազատությունը» հրապարակել էր Արտգործնախարարության պատասխանն իրենց հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրում ներառված էր «Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճակատագիրը»։ Նախարարությունից արձագանքել էին, որ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։

Մեկնաբանել