Լավ կլինի, որ հայոց բանակի զինվորները կարողանան ընտրել ինքնուրույն. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում նշեց լիբանանահայ գեներալ Փանոս Մանջյանը, ով Երևանում է ՀՀ սփյուռքի նախարարության հրավերով՝ Հայոց բանակի 21 ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Նա հաղորդեց, որ Լիբանանում բանակը որևէ քաղաքական գործընթացի՝ նույնիսկ ընտրություններին, չի մասնակցում: Գեներալ Մանջյանն անձամբ դեմ չէ, որ զինվորները մասնակցեն ընտրություններին, սակայն կարծում է, որ նման ընտրությունը բացառապես պետք է լինի կամավոր:
Նա նշեց, որ Լիբանանում բարձրաստիճան զինվորականը չի շփվում քաղաքական գործիչների հետ, իսկ, օրինակ, զավակների հարսանիքին տեղական ինքնակառավարման մարմիններից իր ընկերներին հրավիրելու համար պիտի ստանա իր ղեկավարության թույլտվությունը: Իր խոսքով՝ անթույլատրելի է զավակներին բանակից ազատելու ուղղությամբ ցանկացած միջոց ձեռք առնելը: «Դրամի ուժով չի կարելի ազատ արձակել ոչ մեկ զորակոչիկի»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով հայոց բանակում առկա ոչ կանոնադրական հարաբերություններին՝ նա նշեց, որ բանակը ճշգրիտ արտացոլումն է հասարակության, և հարկ է պետական ու հանրային բոլոր միջոցներով զորակցել հասարակության մեջ և այդպիսով՝ բանակում օրենքի ուժի գերակայությունը հաստատելուն:
Ըստ նրա՝ հայոց բանակի զինվորը՝ հայորդին «մարտնչող մարտիկ» է: «Օդուժը, հրթիռները կարող են քանդել, բայց գրավել կարող է միայն գետնի վրա կռվող զինվորը»,- նշեց Լիբանանում գործող հայ գեներալ Փանոս Մանջյանը: