Արմեն Մելիքբեկյանը չի պատրաստվում հրաժարական տալ ՀՖՖ նախագահի պաշտոնից

Արմեն Մելիքբեկյանը չի պատրաստվում հրաժարական տալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Այս մասին Մելիքբեկյանը հայտարարել է ասուլիսի ժամանակ։

Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահն է 2017-ից։ Ապրիլի 3-ին նա ընտրվել է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ։

Հայաստանի ֆուտբոլի երկրպագուները պահանջում են Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Ֆուտբոլասերները նրան մեղադրում են ֆեդերացիայի վատ կառավարման, ակումբների հետ խնդիրների և ազգային հավաքականի պարտությունների համար։

Անդրադառնալով իր հասցեին հնչող մեղադրանքներին Մելիքբեկյանն ասել է, որ «կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել ՀՖՖ-ի նախագահի աթոռին և իրենց նապատակին հասնելու համար իրենք չեն խորշում ամենաստոր մեթոդներից»։

«Օգտագործվում է բավականին մեծ մեդիառեսուրս, ֆինանսական միջոցներ, որոնք ուղղակիրորեն ազդում են ոչ թե մարդկանց վրա, ովքեր ֆուտբոլային են և տեղյակ են խնդիրներից, այլ խմբերի վրա, թյուրըմբռնում են առաջացնում ընդհանուր առմամբ»,-ասել է Մելիքբեկյանը։

Արմեն Մելիքբեկյանը խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի պարտություններից, նշելով, որ դրա համար մեղավոր են բոլորը՝ ամբողջ թիմը, մարզիչները, ՀՖՖ-ն։

«Վրաստանից կրած խոշոր հաշվով պարտությունները շատ ծանր պարտություններ են: Հատկապես, որ մենք նախորդ երկու տարիներին խոշոր հաշվով պարտություն չենք կրել: Բոլորը` ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, բոլոր ֆուտբոլիստները, շատ ծանր են տանում այս պարտությունները»,-ասաց Մելիքբեկյանը:

Ըստ Մելիքբեկյանի, ՀՖՖ-ն փորձում է հետևություններ անել այդ պարտություններից և հասկանալ՝ որոնք են դրանց պատճառները:

Մեկնաբանել