Ապրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նախարարությունից նաև հայտնում են, որ աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
Անթալիայի դիվանագիտական ֆորումի պաշտոնական կայքում հրապարակված է ֆորումի մասնակիցների ցանկը, որում նշված է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի անունը։ Ֆորումին՝ Ռուբինյանի մասնակցության մասին հայկական կողմը դեռ պաշտոնապես չի հայտարարել։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի ֆորումին մասնակցել է նաև 2022-ին և 2024-ին։
2022-ին Անթալիայում Միրզոյանը հանդիպել էր Թուրքիայի այդ ժամանակվա ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
2024-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։
Civilnet











