ՊԵԿ-ը կկառավարի աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը

Կառավարությունն առաջարկում է թվայնացնել պետական և մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը, որպեսզի պետական մարմիններն ավելի լայն հասանելություն ստանան աշխատողների տվյալներին։ Աշխատանքային օրենսգրքի համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվեց այսօր՝ ապրիլի 10-ին գործադիրի հերթական նիստին չզեկուցվող հարցերի շարքում։ Այն դեռ պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից։

Նախագծով նախատեսվում է սահմանել, որ թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն է։

Նշվում է նաև, որ աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագիրը և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը գործատուն կազմելու է ՊԵԿ-ի համապատասխան էջում։

Բացի այդ, օրենքում այնպիսի փոփոխություններ են կատարվելու, որոնք հնարավորություն են տալիս, որ այդ համակարգին հասանելիություն ունենա նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Ըստ նախագծի՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության պահանջների խախտումները:

ՊԵԿ-ն իր հերթին հարկային հսկողություն կիրականացնի, իսկ ՆԳՆ-ն հնարավորություն կունենա պարզել՝ արդյոք գործատուների կողմից «Օտարերկրացիների մասին» օրենքի դրույթները խախտվում են, թե՝ ոչ։

Մեկնաբանել