«Խելացի» անասնաշենքերի կառուցման պետական ծրագիրը չի աշխատում․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության ապրիլի 10-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ին Հայաստանում ներդրված «խելացի» անասնաշենքերի կառուցման պետական ծրագիրը չի աշխատում։ Այս ծրագրի վերաբերյալ հերթական փոփոխությունների նախագիծն էր բերել Էկոնոմիկայի նախարարությունը։ Այն զեկուցեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, որից հետո Փաշինյանը հետաքրքրվեց, թե նախորդ տարիներին այս ծրագիրը ինչ արդյունք է ունեցել։

Փոխնախարարն ասաց, որ 2019-ից ի վեր նախարարությունը 413 դիմում է ստացել, որոնցից միայն 103-ով են նախարարության հետ պայմանագիր կնքել, կառուցվել է 58 խելացի անասնաշենք, ինչպես նաև Հայաստան է ներմուծվել 2,400 տոհմային կենդանի։

«Այդ երկու ծրագրերի շրջանակում անասնաշենքի ծախսված գումարի փոխհատուցումը եղել է 925 մլն դրամ, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների հարկային տոկոսադրույքի սուբսիդավորման պարագայում եղել է 598 մլն դրամ»,- հայտնեց Խոջոյանը։

Վարչապետն էլ ասաց, որ դժգոհ չեն, որ 58 անասնագոմ է կառուցվել․ «Ի սկզբանե, սակայն, մեր պատկերացումը այդ չէր։ Չորս տարվա ընթացքում ընդհանուր 925 մլն դրամ է ներդրվել, սա ցույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատում»,- նշեց Փաշինյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ է պատրաստվում փոխել նախարարությունը։

Փոխնախարար Խոջոյանն ասաց, որ նախագծով վերանայում են փոխհատուցման շեմը։

Մեկնաբանել