Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ապրիլի 3-ին ստորագրել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման նախագծի փորձաքննության դրական եզրակացությունը։ 2023-ին, չնայած դեռ չկար հաստատված նախագիծ, բայց փաստացի արձանի պատրաստումը սկսվել էր։ Իսկ Հատիսում սկսված շինաշխատանքների հետ կապված ԿԳՄՍ-ն դիմել էր ոստիկանություն։
Կոտայքի մարզի Ակունք համայնքում արձանը կկառուցի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը։
Շրջակա միջավայրի նախարարությունը 2024-ին հաստատել էր «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիր, որով սահմանվել են Հատիս լեռան վրա գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները։ Արձանը այս տարածքներից 5-125 մ հեռավորության վրա է լինելու։
Դրական եզրակացությունը տրվել է մի քանի պայմանով՝ առաջնորդվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածով, ջրօգտագործման, շինհրապարակում տեխնիկական պահանջների պահպանում և այլն։
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը նախատեսվում է տեղադրել Հատիս լեռան բարձունքին։ Համալիրը կունենա երեք հարթակ, որոնցում կլինեն սրճարան, այցելուների համար ծառայություններ, ցուցասրահային հատված, սանհանգույցներ։
Բոլոր հարթակները կապված են աստիճաններով և թեքահարթակներով:
Կառույցը լինելու է միաձույլ երկաթբետոնից, տրավերտինե սալերից երեսպատումով: Նախատեսվում է նաև կառուցել նաև 1300 մետր երկարությամբ ճոպանուղի դեպի Հիսուս Քրիստոսի արձան և հակառակ ուղղությամբ։
Շինարարությունը կտևի 36 ամիս։ Նշվում է շինարարության և շահագործման փուլերում աշխատատեղերի ստեղծման մասին։ Շինարարության փուլում աշխատանքների իրականացման համար կներգրավվեն ազդակիր համայնքի բնակիչները։
Civilnet











