Ապրիլի 10-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում միջազգային գիտաժողով էր կազմակերպել՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» խորագրով։ Այս մասին ահազանգել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը։ Միջոցառումն Ադրբեջանի շարունակական քարոզչական արշավի մաս է՝ ուղղված Արցախի հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ադրբեջանական ներկայացմանը, ինչը փաստացի ջնջում է հայերի ներկայությունը տարածաշրջանում։
Գիտաժողովին բացման ելույթ է ունեցել Վատիկանում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխթարովը։ Գրիգորյան համալսարանից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ համալսարանը որևէ ներգրավվածություն չի ունեցել միջոցառման կազմակերպման մեջ և ոչ էլ որևէ կերպ հովանավորել է այն. պարզապես «լսարանային տարածք է վարձակալությամբ տրամադրել»։
Համաժողովի գովազդային նյութերում ներկայացվել են մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ Դադիվանքի միջնադարյան հայկական վանական համալիրը։ Հուշարձանները ներկայացվել են որպես «հնագույն կովկասյան ալբանական մշակույթի ժառանգություն»։ Սա Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ տարածվող հիմնական պատումներից է։
«Ջնջում են հայերի արմատները»
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դասախոս, Monument Watch ակադեմիական հարթակի անդամ, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանի խոսքով՝ Բաքվի պետական հովանավորությամբ տարածվող նարատիվը «ոչ միայն փորձում է ջնջել հայ ժողովրդի պատմական արմատները, այլև սահմանափակել նրանց պատմական իրավունքը՝ ապրել և ստեղծագործել տարածաշրջանում»։
«Միջազգային գիտաժողովի հեռահար նպատակը Արցախի պատմական հայկական տարածքից հայկական հետքի օտարումն է, Արցախի տարածքի հայկական ժառանգության հետ հայերի կապի ժխտումը և այդպիսով տարածքային նվաճումների լեգիտիմացումը, հայկական պատմական ներկայության անքակտելի ապացույցների՝ հայկական միջնադարյան եկեղեցիների՝ Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի և այլ պատմամշակութային արժեքներից հայկական ինքնության ջնջումը։
Պատմության զեղծարարությանը մասնակցել են «գիտնականներ» Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լիտվայից, նրանք լծվել են ադրբեջանական կեղծ թեզերը առաջ տանելու գործին։ Սա լայն իմաստով ցեղասպանական քաղաքականություն է, քանզի ժխտում է պատմությունը, հայերի՝ իրենց ինքնությանը համարժեք ապրելու իրավունքը, ժխտում է անցյալը, հայ ժողովրդի ստեղծածը», – ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Տիգրանյանը։
Գիտաժողովի մասին հրապարակային հայտարարություն եղել է միայն միջոցառման նախորդ օրը։ Հայագիտական որևէ կազմակերպություն տեղյակ չի եղել այդ մասին։
Բացահայտ թշնամանք հայերի նկատմամբ և կեղծ թեզեր
ՍիվիլՆեթը ձեռք է բերել և ուսումնասիրել օրակարգի պատճենը, որը լի էր ադրբեջանական պետական քարոզչությանը բնորոշ ձևակերպումներով, այդ թվում՝ այն պնդմամբ, թե «Ադրբեջանը երաշխավորում է քրիստոնեական ժառանգության պահպանումն ու զարգացումը՝ խթանելով կրոնական հանդուրժողականությունը»։ Չնայած համաժողովի աշխատանքները հանրայնորեն չեն հեռարձակվել, ելույթ ունեցողների մոտեցումները կարելի է հասկանալ քաղաքական վերլուծաբան Ֆուադ Ախունդովի ներկայացրած զեկույցից։ Նրա խոսքում հայերի նկատմամբ բացահայտ թշնամական հայտարարություններ կան։
Ախունդովը պնդել է, թե «Արցախում գտնվող Կովկասյան ալբանական հուշարձանները ոչնչացվել և դիտավորյալ կերպով վերափոխվել են՝ դրանք որպես հայկական ներկայացնելու նպատակով»։ Ախունդովն իր ելույթում նույնիսկ հարցականի տակ է դրել հայերի քրիստոնյա լինելը։ Նա մասնավորապես շեշտել է, որ «Հայաստանը գնալով ավելի շատ դրսևորում է ոչ թե քրիստոնեական, այլ հակաքրիստոնեական բնութագրեր»։
Վատիկանը պաշտոնապես ներկայացված է եղել գիտաժողովում թե՛ Արևելյան եկեղեցիների հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի շնորհավորական ուղերձով և թե՛ Ադրբեջանում Կաթոլիկ եկեղեցու ապոստոլիկ պատվիրակ եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետենի ելույթով։
Ուշագրավ է ևս մեկ փաստ. համաժողովից առաջ՝ ապրիլի 2-ին, Վատիկանի պաշտոնական հարթակ Vatican News-ը հաղորդեց, որ ադրբեջաներենը դարձել է կայքի 56-րդ պաշտոնական լեզուն։
Վատիկանի և Բաքվի սերտ հարաբերությունները
Վատիկանն առաջին անգամ չէ հայտնվում ուշադրության կենտրոնում՝ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը լեգիտիմացնելու իր գործողություններով։ Մինչ 2020թ․ արցախյան պատերազմը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա տիկինը Վատիկանում ընդունվել էին որպես հատուկ հյուրեր՝ Պապ Ֆրանցիսկոսի կողմից։ Այցի ընթացքում Մեհրիբանը պարգևատրվել էր աշխարհիկ անձանց համար պապական ամենաբարձր պարգևով՝ Պիոս IX-ի շքանշանով։ Դեսպան Մուխթարովը այդպիսի շքանշան է ստացել ապրիլի 3-ին՝ գիտաժողովից ընդամենը մեկ շաբաթ առաջ։
Ստեղծված իրավիճակը մեկնաբանել է իտալացի պրոֆեսոր Կառլո Կոպպոլան՝ նշելով, որ արդեն ստացել է վրդովված ուղերձներ ինչպես հայ, այնպես էլ ոչ հայ գործընկերներից։ Կոպոլան նշում է, որ քաջածանոթ է Ադրբեջանի կեղծ քարոզչությանն ու գործելաոճին՝ ապատեղեկատվության տարածում, հատուկ գիտաժողովներ, պատվիրված հոդվածներ, այլախոհների ահաբեկում, շռայլ առաջարկներ անզգույշ լրագրողներին, իսկ վերջերս արդեն՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառում։
Ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը Վատիկանում անցած գիտաժողովի հարցում և ի՞նչ է անում կամ արել այս ուղղությամբ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը. այս հարցադրումներով ՍիվիլՆեթը դիմեց ՀՀ ԱԳՆ։ Պատասխանն ստանալուն պես այն կհրապարակվի։
Ժաննա Ավագյան
Հիմա որ ասեմ մինչև հիմա ռուսն էր մեր եկեղեցիները և մշակութային ժառանգությունը պահում ու ամբողջ ռուսատանի տարածքում հայկական եկեղեցիներ սարքում, էլի տեղի նացիստները կջղաձգվեն։ Դե ձեր սիրելի եվրոպաները թող պահպանեն մեր ժառանգությունը